- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մեր դասախոսները մասնակցեցին «ՀՀ նոր հարկային օրենսգիրք – 2018. փոփոխությունների ամբողջական փաթեթ» 5-օրյա սեմինարին
2018թ. հունվարի 23-29-ը ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տնտ. գիտ. թեկնածու Գ.Ավետիսյանը և նույն ամբիոնի դասախոս Ա.Եգանյանը մասնակցեցին «ՀՀ նոր հարկային օրենսգիրք – 2018. փոփոխությունների ամբողջական փաթեթ» 5-օրյա սեմինարին, որը կազմակերպվել էր «Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոն»-ի կողմից:
Սեմինարին մասնակցում էին տարբեր ոլորտներում գործող տնտեսվարողների հաշվապահներ, դասախոսներ, «Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոն»-ի ուսանողներ:
5-օրյա սեմինարի ընթացքում մանրամասն քննարկվեցին ՀՀ հարկային օրենսգրքի, նոր հարկային օրենսգրքով սահմանված հարկատեսակների, մասնավորապես՝ շրջանառության հարկի, եկամտային հարկի, շահութահարկի, ոչ ռեզիդենտի շահութահարկի, ավելացված արժեքի հարկի մասին օրենսգրքի դրույթների փոփոխությունները: Զուգահեռներ անցկացվեցին հին և նոր օրենսգրքերի միջև, ներկայացվեց տարբեր իրավական փոփոխությունների ազդեցությունը հարկ վճարողների գործունեության վրա:
Սեմինարը մասնակիցներին հնարավորություն տվեց ծանոթանալ հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին (21.12.2017թ.) և ՀՀ ԿԱ ՊԵԿ մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետներից ստանալ իրենց հետաքրքրող առավել բարդ հարցերի պատասխանները:
Մասնագետներն անդրադարձան հարկային հաշվառման և ֆինանսական հաշվառման հիմնական տարբերություններին, յուրաքանչյուր հարկատեսակի գծով կատարվող հաշվարկների մեթոդաբանությանը, վճարումների, հաշվանցումների հնարավոր տարբերակներին, մի շարք պրակտիկ խնդիրների:
Սեմինարն անցավ հետաքրքիր քննարկումներով, կիրառական խնդիրների հնարավոր լուծումներին վերաբերող առաջարկների և հաշվապահներին հանդիպած հարկային դժվարությունների վերլուծությամբ: