- Գլխավոր
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Տարեգրություն
Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան տարածաշրջանում կրթական և մշակութային խնդիրների լուծման գործում մեծ տեղ ու դեր ունի Երևանի պետական համալսարանի միակ` Իջևանի մասնաճյուղը: Երևանի պետական համալսարանի ուսումնական ծրագրերով, հիմնականում մայր բուհից գործուղված պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուժերով և Բոլոնիայի գործընթացով ուսումնառություն իրականացնող մասնաճյուղը պատասխանատվության բարձր զգացումով և պատշաճ մակարդակով է իրականացնում իր կրթական-դաստիարակչական առաքելությունը, մարզի բնակչության համար այնքան երազած, կարևոր ու այնքան անհրաժեշտ կրթօջախի հիմնախնդիրները:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հիմնադրվել է 1994 թ.՝ Իջևանի տարածաշրջանային քոլեջի բազայի վրա:
Ելնելով բարձրագույն կրթության զարգացման հեռանկարներից և ՀՀ հյուսիսարևելյան շրջանների կադրային պահանջներից, հաշվի առնելով ժողպատգամավորների Իջևանի շրջանային խորհրդի խնդրանքը (նախագահ Ջ. Գ. Անանյան)՝ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի կոլեգիան 1991 թ. հոկտեմբերի 10-ին որոշում է Իջևանում ստեղծել տարածաշրջանային բազմաճյուղ քոլեջ:
Տնօրեն է հաստատվում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Սուրենի Կարայանը: Ճշտվում են կրթօջախի կարգավիճակն ու կառուցվածքը:
1991 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ ԲԿԳ պետական կոմիտեի կոլեգիան որոշում է կայացնում հաստատության գործունեությունը ծավալել հետևյալ ֆակուլտետներով`
Հաստատության կանոնադրությամբ, որը ՀՀ ԲԿԳ կոմիտեն հաստատեց 1991-ի նոյեմբերի 11-ին, սահմանված էր, որ Իջևանի տարածաշրջանային քոլեջը «բարձրագույն ուսումնական և գիտական պետական հաստատություն է, որը ՀՀ հյուսիսարևելյան շրջանի մայր ԲՈՒՀ-ն է և իրականացնում է կրթության շարունակականության և ուսուցման ձևերի այլընտրական սկզբունքները գլխավորապես բարձրագույն կրթության քառաստիճան համակարգի երկրորդ աստիճանին համապատասխան»: Նորաստեղծ կրթօջախը ներառում էր հիմնականում պետբյուջետային հիմունքներով գործող բաժիններ, սակայն ժամանակի ոգուն համապատասխան արտոնված էր նաև տնտհաշվարկի և ինքնաֆինանսավորման սկզբունքներով իրագործելու օժանդակ գործունեություն` կրթության ու գիտության ասպարեզներում:
Ըստ ժամանակավոր կանոնադրության` քոլեջը կոչված էր ՀՀ հյուսիսարևելյան շրջաններում բարձրացնել գիտամշակութային, քաղաքական և տնտեսական մակարդակը` այնտեղ ստեղծելով արդիական կայուն և բարձրակարգ գիտամշակութային մթնոլորտ, մտավորականության տեղական դպրոց, կասեցնել սահմանամերձ շրջաններից երիտասարդության արտահոսքը, պատրաստել խոր գիտելիքներով և բազմակողմանի ունակություններով օժտված, ազգային և համամարդկային մշակույթի ավանդներին նվիրված մասնագետներ, նպաստել առավել աչքի ընկնող ուսանողների ուսման շարունակմանը` բարձրագույն կրթության համակարգի հետագա աստիճաններում:
1991 թ. դեկտեմբերի 9-ին արձակվում են ուսումնական գործին վերաբերող անդրանիկ հրամանները: Նույն օրն էլ տնօրեն Հ.Կարայանի ողջույնի խոսքով տեղի է ունենում կրթօջախի առաջին զանգի հանդիսավոր արարողությունը:
Ուսումնական գործընթացը կազմակերպելու համար Իջևանի տարածաշրջանային քոլեջի պրոֆեսորադասախոսական հիմնական կազմը հրավիրվում է մայրաքաղաքից: Նրանց թվում էին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր Ավագյանը, գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վալերի Տեր-Անտոնյանը, Ռոլանդ Ավագյանը, Մարտին Աբրահամյանը, Իշխան Խաչատրյանը, Վիդոկ Մուսոյանը, Յուրի Մովսիսյանը, Արտաշես Պապոյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Միքայել Հովսեփյանը, Վլադիմիր Աբրահամյանը, նաև գիտությունների տասնյակ թեկնածուներ:
ՀՀ կառավարության՝ 1992 թ. հունվարի 11-ի որոշմամբ նոր կրթօջախը պիտի ունենար բուհական համակարգին բնորոշ կառուցվածք, և տնօրենի հրամանով ձևավորվում է չորս ֆակուլտետ`
Գիտական խորհրդի որոշմամբ ֆակուլտետների կազմում ձևավորվեցին մասնագիտական ամբիոններ: Ամբիոնների քանակը և անվանումները ժամանակի ընթացքում փոփոխվել են որևէ այլ մասնագիտության կադրերի պատրաստումը սկսելու կամ դադարեցնելու հիմնավորումով:
Քոլեջի կանոնադրությանը համապատասխան` գործում էր ուսումնառության երկաստիճան համակարգ: Այսինքն` «լավ» և «գերազանց» գնահատականներ ստացած ուսանողները 3-րդ կուրսից կարող էին շարունակել մասնագիտական կրթությունը բուհական ծրագրերով և ստանալ բակալավրի դիպլոմ: Ցածր առաջադիմությամբ սովորող ուսանողները, 3-րդ կուրսում ստանալով ամփոփիչ մասնագիտական կրթություն և ավարտելով եռամյա դասընթացները, ստանում էին դիպլոմ` կրտսեր մասնագետի որակավորմամբ:
Երևանի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանի համաձայնությամբ տնօրեն Հ. Կարայանը 1994 թվականի ապրիլի 14-ին գրությամբ դիմում է ՀՀ ԲԿ նախարար Վարդգես Գնունուն.
«Ելնելով հանրապետությունում ստեղծված ծանր սոցիալ–տնտեսական իրավիճակից, որն իր ազդեցությունն է թողնում կրթօջախի գործունեության վրա, Իջևանի տարածաշրջանային քոլեջի կոլեկտիվը խնդրում է ԲԿ նախարարության կոլեգիայում քննարկել քոլեջի հիման վրա Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ձևավորման նպատակահարմարության հարցը»:
Միաժամանակ հանրապետության հյուսիսարևելյան տարածաշրջանը բարձրագույն կրթությամբ մասնագետներով ապահովելու և երիտասարդության արտահոսքը կանխելու մտահոգությամբ հանդես են գալիս նաև Երևանի պետական համալսարանի ռեկտորատը և Իջևանի շրջխորհրդի գործադիր կոմիտեն: Դրանց հիման վրա ՀՀ ԲԿ նախարարության կոլեգիան 1994-ի ապրիլի 29-ին որոշում է.
«Նպատակահարմար համարել Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորել որպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ»:
Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 1994 թ. սեպտեմբերի 19-ի թիվ 440 որոշմամբ Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորվում է որպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ:
Կրթօջախում կատարվում են կառուցվածքային նոր փոփոխություններ, հաստատությունն ավարտում են եռամյա կրթությամբ առաջին շրջանավարտները:
Ֆակուլտետների թիվը մնաց անփոփոխ, բայց որոշակի փոփոխությունների ենթարկվեցին ամբիոնները, վարիչները և դասախոսական կազմը: Այդ փոփոխությունները տնօրենի՝ 1995 թ. հունվարի 1-ի հրամանով վերահաստատվել էին մասնաճյուղի ղեկավար և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաստիքային ցուցակով.
1995 թ. ամռանը մասնաճյուղը տալիս է բակալավրական կրթությամբ իր առաջին շրջանավարտները` թվով 59 մասնագետ:
1996 թ. ապրիլից մինչև 2000 թ. հոկտեմբեր ամիսը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ղեկավարում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Շավարշ Սեդրակի Մարգարյանը:
Պատրաստվող կադրերի որակը բարձրացնելու, ինչպես նաև ֆակուլտետների ու ամբիոնների աշխատանքներն արդյունավետ դարձնելու նպատակով մասնաճյուղի գիտական խորհրդի՝ 1996 թ. մայիսի 18-ի որոշմամբ մի քանի ամբիոններ լուծարվում են և անվանափոխվում. մասնաճյուղում ձևավորվում են 13 ամբիոններ:
1996-97 ուստարում՝ մինչև դեկանների ընտրության նոր մրցույթի անցկացումը, նշանակվում են ֆակուլտետների դեկանների նոր պաշտոնակատարներ.
Մասնաճյուղում գործում էին հետևյալ ամբիոնները`
2000-2018 թթ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ղեկավարել է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Արշավիրի Առաքելյանը:
ՀՀ կառավարության՝ 2014 թ. նոյեմբերի 27-ի որոշմամբ՝ «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է հիմնադրամի, ըստ այդմ՝ մասնաճյուղը վերանվանվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ:
2018 թ. հունիսից մինչև 2019 թ. օգոստոսը մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարն էր ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ Վոլոդյայի Ցուցուլյանը:
2019 թ. սեպտեմբերից ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատարն է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անուշավան Հայկարամի Մակարյանը:
Վերջին տարիները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համար հատկանշվում են որպես կրթական բարեփոխումների շրջան: Շարունակվում են հետևողական աշխատանքները ուսումնագիտական գործընթացի կայունացման և զարգացման ուղղությամբ: Կատարելագործվում են ուսումնական ծրագրերն ու պլանները` որպես ուսուցման նորացման կարևոր պայման և երաշխիք:
Իր գործունեության ընթացքում ԵՊՀ ԻՄ-ը տվել է ավելի քան 7000 շրջանավարտ, որոնց մեծամասնությունը հաջողությամբ աշխատում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, պետական և հանրային կառույցներում, բանկային համակարգում և այլն: Ավելի քան մեկ տասնյակ շրջանավարտներ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն, աշխատում են մասնաճյուղում:
Իր ռազմավարական նպատակների իրականացման շրջանակներում մասնաճյուղը միտված է տալու բարձրորակ կրթություն, աջակցելու տարածաշրջանի գիտական, մտավոր, կրթական, տնտեսական և մշակութային առաջընթացին, ստեղծելու տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական և աշխատանքային միջավայր, տրամադրելու բարձրորակ և արդյունավետ օժանդակ ծառայություններ:
ԵՊՀ ԻՄ գործունեության հիմնական խնդիրը համալսարանական կրթության բովանդակության և ուսման բարձր որակի ապահովումն է: Բուհում հետևողական աշխատանքներ են տարվում ուսումնագիտական գործընթացի, մասնավորապես` ուսումնական ծրագրերի ու պլանների կատարելագործման ուղղությամբ: Մասնաճյուղն իրականացում է ԵՊՀ ծրագրերին համապատասխան` առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրական կրթություն:
ԵՊՀ ԻՄ գործունեության գերակա նպատակներից է հայագիտության, հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և բնական գիտությունների ու մշակույթի զարգացումը տարածաշրջանում: Դրանից ելնելով` բուհում գործում է 4 ֆակուլտետ` Բնական գիտությունների, Հումանիտար գիտությունների, Տնտեսագիտության, Կիրառական արվեստի, 10 ամբիոն:
Բնական գիտությունների ֆակուլտետն ունի 2 ամբիոն (Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության) և իրականացնում է 1 կրթական ծրագիր («Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»):
Ֆակուլտետում գործում է Բնագիտության և համակարգչային տեխնիկայի ուսումնական լաբորատորիան:
Հումանիտար գիտություններիֆակուլտետն ունի 4 ամբիոն (Հայոց պատմության և հասարակագիտության, Հայոց լեզվի և գրականության, Մանկավարժության և հոգեբանության, Օտար լեզուների) և իրականացնում է 8 կրթական ծրագիր, որոնցից 7-ը բակալավրական («Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հոգեբանություն», «Ռուսաց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»), 1-ը՝ մագիստրոսական («Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա»):
Տնտեսագիտության ֆակուլտետն ունի 2 ամբիոն (Ընդհանուր տնտեսագիտության, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության) և իրականացնում է 3 կրթական ծրագիր, որոնցից 2-ը բակալավրական («Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Զբոսաշրջություն»), 1-ը՝ մագիստրոսական («Գործարար վարչարարություն (կառավարում)»):
Կիրառական արվեստի ֆակուլտետն ունի 2 ամբիոն (Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի, Գծանկարի, գունանկարի և քանդակի) և իրականացնում է 2 կրթական ծրագիր («Դեկորատիվ-կիրառական արվեստ», «Դիզայն»):
Ֆակուլտետում գործում է 7 արվեստանոց՝ Գծանկարի և գունանկարի, Տեքստիլի, Դիզայնի, Հագուստի մոդելավորման, Խեցեգործության, Քանդակի, Փայտի գեղարվեստական մշակման:
ԵՊՀ ԻՄ-ում ուսանողների հետաքրքիր առօրյան (ուսումնագիտական, գիտակրթական, մշակութային, ժամանցային տարբեր միջոցառումներ և նախաձեռնություններ) ապահովում, նրանց իրավական գիտակցությանը նպաստում են ուսանողական ինքնակառավարման մարմինները` Ուսանողական խորհուրդը (ՈՒԽ), Ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ):
Մասնաճյուղն ունի ժամանակակից համակարգիչներով հագեցած 4 համակարգչային լսարան, գրադարան, որի մասն է կազմում նաև ժամանակակից տեխնիկական միջոցներով ապահովված հարմարավետ ընթերցասրահը:
2018 թ. հուլիսին ԵՊՀ ԻՄ-ում բացվել է Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնը, որը 2020 թ. նոյեմբերին վերակազմավորվել է որպես Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղ: Վերջինիս հիմնական նպատակը կրթության, գիտության, մշակույթի, պատմական և ազգագրական գործունեության, երիտասարդական քաղաքականության ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացումը և խորացումն է:
2020 թ. փետրվարից մասնաճյուղում գործում է «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ը, որի նպատակն է մարզի` մասնավորապես Իջևան քաղաքի և հարակից գյուղերի բնակիչների համար կազմակերպել կրթական, մշակութային և տեղեկատվական միջոցառումներ, տարբեր թեմաների շուրջ ուսումնական կարճատև ծրագրեր և անգլերենի անվճար դասընթացներ, որոնց շնորհիվ կզարգանան մասնակիցների սոցիալական և տեխնիկական հմտությունները, ինչպես նաև տեղի բնակչությունը կծանոթանա ամերիկյան արժեքներին, պատմությանը և մշակույթին:
2021 թ. հուլիսից ԵՊՀ ԻՄ-ում պաշտոնապես բացվել է Տավուշի մարզի Գիտելիքի նորարարական հաբը, որի նպատակը EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումն է՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի խթանումը։ Այն միտված է երիտասարդների նոր գիտելիքիների ձեռք բերմանը, գաղափարների գեներացմանը, դասընթացների ու միջոցառումների կազմակերպմանը։