- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մեր ուսանողներն ու շրջանավարտները մասնակցեցին մարզային զբոսավարների վերապատրաստման դասընթացին
2018թ. հունվարի 29-ին «Իմ Հայաստան» ծրագիրը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համատեղ, մեկնարկեց մարզային զբոսավարների վերապատրաստման դասընթացի երկրորդ փուլը, որի նպատակն էր զարգացնելու Գյումրու, Իջևանի, Դիլիջանի և Սիսիանի բնակիչների, հատկապես երիտասարդների զբոսավարության հմտությունները:
«Իմ Հայաստան»-ը հնգամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և իրականացվում Սմիթսոնյան ինստիտուտի կողմից:
Վերապատրաստման դասընթացին մասնակցում էին մարզային 30 զբոսավարներ, «Իմ Հայաստան» ծրագրի հետ համագործակցող զբոսաշրջության ոլորտի 10 աշխատակիցներ:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից վերապատրաստմանը մասնակցեցին «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Սյուզաննա Շահնազարյանը, «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներ Անի Ասրյանը, Մհեր Մկրտումյանը, Իննա Մկրտումյանը և շրջանավարտներ Սյուզաննա Պետրոսյանն ու Էլինա Քոչարյանը:
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ / USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Նա նշեց, որ դասընթացը յուրահատուկ ու կենսական է մարզերում տուրիզմի զարգացման համար. «Հզորացնելով մարդկանց, հատկապես երիտասարդների՝ իրենց համայնքների զբոսավարներ ու մշակութային դեսպաններ դառնալու կարողությունները՝ մենք օգնում ենք նրանց խորը գիտելիքներ ձեռք բերել տեղի պատմության, մշակույթի և բնական ժառանգության մասին և օգտագործել դրանք այցելուների համար հետաքրքրաշարժ պատմություններ կերտելու համար: Ամենակարևորն այն է, որ դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն զբոսավարության, հաճախորդների սպասարկման, այցելուների հետ շփման և խմբերի ղեկավարման գործնական հմտություններ: Մենք ուրախ ենք փաստել, որ անցյալ տարվա մեր առաջին ուսումնական ծրագիրն օգնեց շրջանավարտներից ոմանց հիմնել իրենց սեփական բիզնեսը և այցելուներին պրոֆեսիոնալ զբոսավարի ծառայություններ մատուցել»:
«Իմ Հայաստան» ծրագրի գործընկեր Սոլիմար ինթերնեշնլի զբոսավարության ոլորտի միջազգային մասնագետների, Հայաստանի ամերիկյան համալսարանի փորձառու դասախոսների և զբոսաշրջության կայուն զարգացման ու մարքեթինգի հիմնարար մեթոդների շնորհիվ մասնակիցները ձեռք բերեցին կիրառելի գիտելիքներ՝ իրենց համայնքային պատմությունները այցելուներին յուրօրինակ ձևով մատուցելու համար: