- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Սիրահարների տոնը մասնաճյուղում
2018թ. փետրվարի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ մասնաճյուղում նշվեց Սիրահարների տոնը:
Տոնի կապակցությամբ ՈՒԽ-ի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը հանդես եկավ շնորհավորական ուղերձով, որտեղ մասնավորապես նշված էր.
«ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը սիրով շնորհավորում է բոլոր ուսանողներին՝ Սիրահարների տոնի առթիվ, մաղթում, որ նրանց ամեն մի օրը պարուրված լինի սիրով ու ջերմությամբ։
Աստված սեր է շնորհել մեզ և սիրով այրել մեր հոգիները։ Սերը մեզ բերում է բարություն, հանդարտություն, երջանկություն։
Սիրելի՛ ուսանողներ, սիրեք և սիրվեք՝ տարածելով ձեր ջերմությունը:
Շնորհավո՛ր ձեր տոնը»։
Մասնաճյուղի բակում ստեղծվել էր տոնական ու սիրով լի մթնոլորտ. Ուսանողական խորհրդի անդամները բակում ուսանողներին նվիրեցին փուչիկներ, հանդես եկան օրվան առնչվող տեղեկատվությամբ, հղեցին իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Աշխարհի մոտ 100 երկրում փետրվարի 14-ը նշվում է որպես Սիրահարների օր: Ի սկզբանե այն նշվել է որպես պատարագային տոն` նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի` Սբ. Վալենտինիուսի հիշատակին։
Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան` զինվորներին գաղտնի պսակադրելու համար: Նա կալանավայրում բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։
Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»։
Այս պատմությունը թվագրվում է մոտ 269 թվականին՝ հռոմեական կայսր Կլավդիոս II-ի օրոք: Իսկ 496-ին Հռոմի պապ Հելասիուս I-ը փետրվարի 14-ը հայտարարեց Սուրբ Վալենտինի օր:
Այսօր աշխարհի շատ երկրներում այն պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։ Այդ օրը բոլորը շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում, նվիրում խորհրդանշական նվերներ:
Հայաստանում Սուրբ Վալենտինի տոնը համընկնում է Տյառնընդառաջի տոնին:
Ըստ եկեղեցական ավանդության` Տրնդեզի տոնը կապվում է Տիրոջ ծննդից 40 օր հետո նրան կրակներով ընդառաջ գնալու գաղափարի հետ։
Այդ օրը` վաղ առավոտյան, մեծահասակ կանայք, եկեղեցուց վերադառնալով, Տրնդեզի ուտեստներ էին պատրաստում ու բաժանում տնեցիներին։
Կեսօրից հետո նորահարս ունեցող ընտանիքներն իրենց բակում խարույկ էին վառում։
Խարույկի շուրջն սկսվում էր շուրջպարը։ Երբ կրակը փոքր-ինչ մեղմանում էր, սկսվում էին կրակթռուկները։
Կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքը վերապահվում էր նորահարսին։ Պտղավորվելու ակնկալությամբ խարույկի վրայից թռչում էին նաև ամուլ կանայք՝ այրելով իրենց զգեստի քղանցքը, ապա թռչում էին երիտասարդները, տղամարդիկ, իսկ վերջում՝ երեխաները։ Այս ավանդույթը մեզանում պահպանված է մինչև օրս: