- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված ցերեկույթ մասնաճյուղում
2018թ. մարտի 21-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, որը նախաձեռնել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:
Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:
Միջոցառման սկզբում ներկայացվեց, որ այդ օրն առաջին անգամ նշվել է 1999 թվականին, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշում ընդունվեց մարտի 21-ը նշել որպես Պոեզիայի միջազգային օր:
Միջոցառման ընթացքում ուսանողներն արտասանեցին հայ և օտարազգի մեծանուն պոետների բանաստեղծական գոհարներից:
«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Արմիդա Բաղիյանը ներկայացրեց հայ և ռուս խոշոր բանաստեղծներ Համո Սահյանի և Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործություններից:
Նույն կուրսի ուսանողուհի Աստղիկ Ղազարյանը ներկայացրեց ճապոնական պոեզիան, մասնավորապես անդրադարձավ հոքուներին և թանկաներին, որոնք հնգատող և եռատող բանաստեղծություններ են:
Լուսինե Հակոբյանն արտասանեց Իրանի փառքը կազմող 4 բանաստեղծներից մեկի` Օմար Խայամի ստեղծագործություններից:
Ապա ելույթ ունեցան «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Վանուհի Հարությունյանը, Մարինե Մարտիրոսյանը, Արինա Ալավերդյանը, Ասյա Սարիբեկյանը, Աշխեն Վիրաբյանը՝ ներկայացնելով Ավետիք Իսահակյանի, Պարույր Սևակի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Շիրազի, Ժակ Պրևերի բանաստեղծություններից:
Ասյա Սարիբեկյանն արտասանեց հեղինակային բանաստեղծություն, որը կոչվում էր «Լռություն»:
Երաժշտական կատարմամբ հանդես եկան «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Նինա Հարությունյանը և Լիանա Յարալյանը, «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Յարալյանը, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մարինե Մարտիրոսյանը:
Վերջում բանաստեղծական գեղեցիկ պատառիկներով պոեզիայի տոնը ծաղկեցրին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ, բ.գ.թ., դոցենտ Աիդա Սարհատյանը և բ.գ.թ., ասիստենտ Ալիսա Հասանյանը: