- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ինտելեկտուալ խաղ Տնտեսագիտության ֆակուլտետում
2018թ. մարտի 23-ին Տնտեսագիտության ֆակուլտետում կայացավ ինտելեկտուալ խաղ, որը նախաձեռնել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:
Խաղին մասնակցում էին երեք թիմ («Կոնվերս», «Մոնոպոլիա» և «Օլիգոպոլիա»), որոնցում ներգրավված էին «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» մասնագիտությունների տարբեր կուրսերի ուսանողներ:
Այս ձևաչափը, որը դեռևս նախորդ` 2017թ. դեկտեմբերի 6-ին կայացած խաղում ապացուցել էր իր արդյունավետությունը, հետապնդում էր մեկ նպատակ` ավագ կուրսերի ուսանողների փորձը և գիտելիքները փոխանցել առաջին կուրսեցիներին։
Ուսանողներին տրվեցին տնտեսագիտական տերմիններով աղյուսակներ ու խաչբառեր։ Աղյուսակների մեջ նրանք պետք է գտնեին տնտեսագիտական բնագավառի` խառը տեղաբաշխված բառերը («Թաքնված բառեր») և պատասխանեին մասնագիտական հարցերին («Խաչբառ»)։
Խաղն ընթացավ բավականին լարված և միևնույն ժամանակ ջերմ մթնոլորտում։
2 միավորի առավելությամբ հաղթող ճանաչվեց «Օլիգոպոլիա» թիմը (Արփինե Վերանյան, Լուիզա Մադաթյան, Անուշ Նազինյան)` ստանալով պատվոգիր։
Ուսանողական գիտական ընկերությունը շնորհավորում է հաղթողներին և մաղթում նորանոր հաջողություններ։