- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսը
2018թ. ապրիլի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:
Ցուցահանդեսին ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր, արվեստի սիրահարներ:
Բացման խոսքով հանդես եկավ Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյանը, շնորհավորեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչների տոնը, նրանց մաղթեց անանց հմայք, կանացի երջանկություն, մայրանալու բերկրանք, գարնանային պայծառ տրամադրություն: Ա.Մարգարյանն ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը, նշեց, որ ուսանողներից յուրաքանչյուրի համար պատիվ է իր հարազատ բուհում ցուցադրել իր իսկ ձեռքով ստեղծած աշխատանքը:
Ելույթ ունեցավ Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, ՀՀ նկարիչների միության անդամ Սերգեյ Հովհաննիսյանը՝ ցուցադրված աշխատանքների վերաբերյալ գնահատանքի և տոնի առթիվ շնորհավորանքի խոսք ասելով:
Ցուցադրված գործերի կապակցությամբ իր հիացմունքն արտահայտեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը՝ մասնավորապես նշելով. «Սիրելի՛ ուսանողներ, ձեր աշխատանքների մեջ այնքա՜ն լույս և ջերմություն, այնքա՜ն սեր, մայրական բերկրանք և գարնանային թարմություն կա... Ես մաղթում եմ, որ դուք ստեղծեք այնպիսի գործեր, որոնք կզարդարեն աշխարհի լավագույն թանգարաններն ու պատկերասրահները...»:
Մայրության և գեղեցկության տոնին նվիրված ցուցահանդեսում ընդգրկված էին տարբեր ժանրերի ստեղծագործություններ՝ գեղանկար, ապակենկար, ֆլորիստիկա, փայտի փորագրություն, քանդակ և այլն:
Ցուցահանդեսը գեղագիտական հաճույք պատճառեց այցելուներին՝ նրանց համակելով գեղեցկության շնչով ու գարնանային խանդավառ տրամադրությամբ: