- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ամփոփվեց «Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացը
2018թ. ապրիլի 25-30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Մարզային երիտասարդների գործազրկության հաղթահարումն անհատական զարգացման միջոցով» դասընթացը, որը կազմակերպել էր «Հայկական գիտական միավորում» ՀԿ-ն:
Ծրագրի աջակիցներն էին ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ուսանողական խորհուրդը, ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորումը։ Ներգրավված էին Իջևանի և հարակից համայքների 50 երիտասարդներ, որոնց մեծ մասը մասնաճյուղի ուսանողներ և շրջանավարտներ էին:
Առաջին երկու օրերի ընթացքում (ապրիլի 25-26-ին) սեմինարի մասնակիցները սովորեցին ինչպես կազմել գրագետ և հաղթող CV:
Ապրիլի 27-ին տեղի ունեցավ դասըթնացի մասնակիցների հանդիպումը Զբաղվածության պետական գործակալության Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի հաշվառման, խորհրդատվության և զբաղվածության ծրագրերի իրականացման բաժնի պետ Անահիտ Ալիխանյանի հետ: Նա ներկայացրեց կենտրոնի աշխատանքը, ծրագրերը, գրանցվելու կարգը, մարզում առկա աշխատատեղերը, պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
Այնուհետև մասնակիցները ծանոթացան էլեկտրոնային նամակագրություն վարելու սկզբունքներին: ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՊԿ բաժնի վարիչ, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վահան Աղաբաբյանը ներկայացրեց էլեկտրոնային փոստից ճիշտ օգտվելու նրբությունները, ուղեկցող և մոտիվացիոն նամակների կառուցվածքները: Երիտասարդները բաժանվեցին խմբերի և պատրաստեցին մոտիվացիոն նամակ՝ տրված հայտարարության համապատասխան:
Ապրիլի 30-ին տեղի ունեցան ծրագրի վերջին 2 սեմինարները:
Նախ՝ սեմինար վարեց ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտ Վիկտորյա Սիմոնյանը: Նա ներկայացրեց աշխատանքային օրենսդրության հիմնական դրույթները և գործատու-աշխատող իրավահարաբերությունների կանոնակարգման առանձնահատկությունները: Մասնակիցներն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնց սեմինարավարը տվեց սպառիչ պատասխաններ՝ բերելով օրինակներ դատական պրակտիկայից և միջազգային փորձից:
Վերջին սեմինարը վարեց ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Աստղիկ Սիմոնյանը: Նա բացատրեց, թե ինչպես ճիշտ ներկայանալ գործատուին: Սկզբում մասնակիցները թվարկեցին իրենց իմացած հարցազրույցի տեսակները, ապա սեմինարավարը ներկայացրեց դրանցից յուրաքանչյուրի նրբությունները, խորհուրդներ տվեց հարցազրույցի նախապատրաստվելու համար, նշեց հարցազրույցների ժամանակ ամենից հաճախ հնչող հարցերը: Սեմինարի վերջում տեղի ունեցավ դերային խաղ. 3 մասնակիցներից բաղկացած խումբը հարցազրույց իրականացրեց մասնակիցներից մեկի հետ:
Դասընթացի փակումն իրականացրեց ծրագրի պատասխանատու, ԵՊՀ ԻՄ-ի աշխատակից Սլավիկ Ալավերդյանը: Նա շնորհակալություն հայտնեց բոլորին՝ ակտիվ մասնակցության համար, սեմինարավարներին, կազմակերպչական աշխատանքներին մասնակցած անձանց և մասնակիցներին հանձնեց հավաստագրեր ու «Գրագետ ռեզյումե կազմելու և աշխատանքի ընդունման հարցազրույցին պատշաճ ներկայանալու» ուղեցույցներ։