- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունը
2018թ. հունիսի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Դիզայն» 3-րդ կուրսի ուսանողների լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունը «Գեղարվեստական լուսանկարչություն» դասընթացի շրջանակներում:
Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:
Ցուցադրության բացումն ուղեկցվում էր դասական երաժշտությամբ:
Բացման խոսքով հանդես եկավ «Գեղարվեստական լուսանկարչություն» դասընթացի դասավանդող, Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի դասախոս Արթուր Աղաբաբյանը՝ ողջունելով ցուցադրության բոլոր այցելուներին ու մասնակիցներին, ներկայացնելով ցուցադրության կազմակերպման շարժառիթը, նպատակը, բնութագրելով աշխատանքները. «Քանի որ շատ հաջող, ընդունակ խումբ էր, որոշեցի, որ նրանց աշխատանքները պիտի ցուցադրվեն: Այդ աշխատանքները գեղարվեստական առումով բարձր մակարդակի են, դրանք մեծ մասամբ արված են հեռախոսով, բայց իրենց որակական ու տեխնիկական հատկանիշներով չեն զիջում ժամանակակից պրոֆեսիոնալ լուսանկարիչների աշխատանքներին: Նման ցուցադրությունների կազմակերպումը ուսանողների համար կարող է մոտիվացիա ծառայել այդ ուղղությամբ մասնագիտանալու»:
Նախաձեռնությունը ողջունեց և ուսումնական գործընթացում նման միջոցառումների կազմակերպումը կարևորեց ԵՊՀ ԻՄ-ի փոխտնօրեն Ա. Վ. Ցուցուլյանը՝ հույս հայտնելով, որ մասնաճյուղում այդպիսի ցուցադրությունները կկրեն պարբերական և ավելի լայնամասշտաբ բնույթ:
Իրենց տպավորություններն արտահայտեցին Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսներից և ցուցադրության այլ այցելուներից:
Ցուցադրությանը ներկայացված էր յուրաքանչյուր ուսանողից 5-ական աշխատանք, որոնք դասախոսի և ուսանողի կողմից համատեղ ընտրվել էին «Գեղարվեստական լուսանկարչություն» դասընթացի շրջանակներում արված բազմաթիվ լուսանկարներից:
Ներկայացված աշխատանքները հիմնականում գեղարվեստական լուսանկարչության ժանրի էին, որոնցում շեշտը դրված էր կոմպոզիցիայի և ստեղծագործական մտքի ճիշտ կառուցման վրա:
Կային նաև ռեպորտաժային լուսանկարներ, որոնցում պատկերված էին առօրյա կյանքում հանդիպող իրավիճակներ, կենցաղային ուշագրավ դրվագներ:
Ցուցադրությունը մեծապես տպավորեց համալսարանականներին՝ նրանց համակելով լուսանկարների բովանդակությունից բխող մտորումներով: