- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մեր ուսանողները միջազգային ուսանողական ճամբարում
2018թ. հուլիսի 6-21-ին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի նախաձեռնած և բարերար Ֆիլիպ Էգգերի ֆինանսավորմամբ կազմակերպված «ԱրՊՀ-2018» ամառային ուսանողական միջազգային ճամբարը, որին մասնակցում էին ԱրՊՀ, ՀՀ և արտերկրի բուհերից 70-ից ավելի ուսանողներ:
Ճամբարն ընթացավ 5-ական օր տևողությամբ՝ 3 փուլերով: 3-րդ փուլին մասնակցեցին նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ Գերասիմ Ալավերդյանը («ԻԿՄ» 2-րդ կուրս), Արգիշտի Մարգարյանը («ԻԿՄ» 2-րդ կուրս) և Շիրակ Գասպարյանը («Պատմություն» 2-րդ կուրս):
Ճամբարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱրՊՀ ղեկավար կազմը:
Ողջունելով ներկաներին` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացմանը աջակցած անձանց և կազմակերպություններին` նշելով, որ ճամբարի կազմակերպումը ոչ միայն ուսանողների, այլև ԱրՊՀ ղեկավարության երազանքն էր, որն այս տարի հաջողվեց իրականություն դարձնել:
«Իմ բուհը» խորագրով ելույթներով հանդես եկան ճամբարի մասնակից բուհերը ներկայացնող ուսանողները` հակիրճ պատմելով իրենց բուհերի ուսանողական գործունեության մասին:
Ուսանողական միջազգային ամառային ճամբարի մասնակիցները, արցախյան բնության անձեռակերտ գեղեցկությունը վայելելուց բացի, հնարավորություն ունեցան մասնակցելու պաշտոնական հանդիպումների, արցախյան պատերազմի, անվտանգության, բարոյագիտություն և տրամաբանության, համացանցի և այլ թեմաներով դասախոսությունների, բանավեճերի ու քննարկումների, Արցախի պատմամշակութային կոթողներ ճանաչողական արշավների և էքսկուրսիաների, խարույկի շուրջ անցկացվող երեկոների, մարզական և մշակութային ծրագրերի, երիտասարդական ժամանցային այլ միջոցառումների։ Եղան բանախոսներ նաև արտերկրից, ովքեր հանդես եկան հետաքրքիր դասախոսություններով։
Հուլիսի 20-ին կայացավ ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱրՊՀ ղեկավարությունը:
Կարևորելով նման ճամբարների կազմակերպումը` ԱԺ նախագահն այսպես դիմեց ներկաներին. «Ուսանողական տարիները լավագույն տարիներն են: Մեր օրերում ժամանակը, մտածողությունը և տեղեկատվությունն ամենապահանջվածն են: Ժամանակը երիտասարդների համար միշտ կա, մտածողությունը կամ ինտելեկտը այս ժամանակահատվածում է, որ պետք է ձեռք բերեք, տեղեկատվությունն էլ այսօր հասանելի է բոլորիդ: Մնում է, որ այս ամենը ճիշտ օգտագործեք` մտածելով, որ մենք փոքր երկիր ենք, կարևոր տեղ ենք գրավում տարածաշրջանում, մենք խնդիրներ ունենք լուծելու պետականորեն և ազգովի, որ մենք շարունակում ենք սահման պահել` ազգային ինքնություն պաշտպանելով, որ սահման պահելու առաքելությունը ձեր տարիքի երիտասարդներին է վերապահված: Եվ մարդիկ, որ ամեն օր այդ ծառայությունն են իրականացնում, թիկունքում պետք է զգան ամրություն և հավատարմություն»:
Վերջում ճամբարի մասնակից ուսանողներն արտահայտեցին իրենց տպավորությունները, հանդես եկան ասմունքով, երաժշտական և ազգագրական պարերի կատարումներով: