- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
2018թ. սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական անձնակազմի ներկայացուցիչները և ուսանողներ՝ տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանի գլխավորությամբ, այցելեցին Իջևանի Ազատամարտիկների հրապարակ:
Տավուշի մարզպետարանին հարակից Սահմանադրության հրապարակից Տավուշի մարզի տարբեր ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչների, զինվորական նվագախմբի, բազում քաղաքացիների ուղեկցությամբ համալսարանականները քայլերթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:
Այդտեղ հարգանքի տուրք մատուցեցին, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Իջևանում գտնվող` Զոհված ազատամարտիկների անունը հավերժացնող հուշարձանին:
Ազատության հրապարակում շնորհավորանքի ու օրհնանքի խոսք ասաց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, հնչեցրեց Տերունական ու Խաղաղության աղոթք:
ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց Իջևանի մշակույթի տանը կազմակերպված տոնական միջոցառմամբ և համերգով:
1991թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1991 թ. մարտի 1-ի որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»:
Հայ ժողովուրդը միասնաբար (99% ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը: Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Որպես հանրապետության դրոշ հաստատվեց եռագույնը, այնուհետև ընդունվեց զինանշանը:
Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որը մինչև անկախության հռչակումը դեռևս 1991 թ. օգոստոսի 14-ին ճանաչել էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ արդեն հռչակագրի ընդունումից հետո՝ 1991 թվականի ընթացքում, ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:
Ենթադրվում էր, որ անկախությունը նոր հնարավորություններ է բացելու Հայաստանի համար: Որպես Հանրապետություն՝ Հայաստանն արդեն ունակ էր լինելու ստեղծել սեփական դիվանագիտական կապերը տարբեր երկրներում և վարել ակտիվ քաղաքականություն:
Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանը փորձում է զարգացանել կապերը տարածաշրջանում: Հայաստանն այսօր վարում է սեփական ինտեգրացիոն քաղաքականություն: 2014 թվականին Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ երկիր: Այժմ Հայաստանը փորձում է համագործակցության կապերը խորացնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ու նաև կամուրջ է Իրանի և ԵՏՄ անդամ երկների երկխոսության համար:
Հայաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը հասնելը:
Անկախ Հայաստանի համար օրակարգային խնդիր է նաև հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության հարցը, որը պարբերաբար քննարկվում է ՀԱՊԿ-ում, գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրության կենտրոնում:
Այս տարիների մեծագույն նվաճումն արյան գնով Արցախյան պատերազմում տարած հաղթանակն էր, նորօրյա ապրիլյան հերոսացման ուղին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո անկախ Հայաստանը ցույց տվեց, որ ունի հզոր բանակ և անհրաժեշտ զինտեխնիկա՝ ամեն պահի թշնամուն հետ մղելու համար:
Անկախության պատմության մեջ ոչ պակաս կարևոր էր Սահմանադրական բարեփոխումների նախագիծը և կառավարման նախագահական համակարգից անցումը խորհրդրանականի:
Այսօր ամբողջ հայությամբ տոնում ենք մեր ազատ ու անկախ հանրապետության տոնը:
Շնորհավո՛ր տոնդ, մեր 27-ամյա Հայաստան: Թո՛ղ մեր անկախությունը ընդմիշտ լինի, թո՛ղ հայոց պետականությունն է՛լ ավելի ամրապնդվի, մեր պետությունը զորանա ու բարգավաճի, իսկապես դառնա այն երկիրը, որը ողջ հայությունն է երազել: