- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Համալսարանականները մասնակցեցին «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» դասընթացաշարի առաջին փուլին
2018թ. հոկտեմբերի 10-12-ին ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում տեղի ունեցավ Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 30 երիտասարդների համար նախատեսված «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» դասընթացաշարի առաջին փուլը, որին մասնակցում էին նաև ԵՊՀ ԻՄ-ի աշխատակից Սլավիկ Ալավերդյանը, ուսանողներ Հրանտ Ղարագյոզյանը և Դավիթ Գասպարյանը, շրջանավարտներ Լիլիթ Ոսկանյանը, Անահիտ Աթոյանը, Աղավնի Ղազարյանը, Լուսինե Ամիրյանը և Շուշան Խառատյանը:
Դասընթացաշարն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից, Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Ըստ խմբերի՝ դասընթացին մասնակցում են ընդհանուր առմամբ 16-30 տարեկան 300 երիտասարդներ՝ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից:
Երեք օրվա ընթացքում մասնակիցները ոչ միայն ստացան գիտելիքներ ինքնաներկայացման, թիմերի կառուցման, հաղորդակցման և կազմակերպչական հմտությունների վերաբերյալ, այլև ձեռք բերեցին նոր ընկերներ և անցկացրին հետաքրքիր ժամանց:
Սեմինարները վարեցին վկայագրված կառավարման խորհրդատու, Հայաստանի ամերիկյան համալսարանի և մի շարք կազմակերպությունների դասընթացավար Արտակ Ալոյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի տնօրեն, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Սերգեյ Թանթուշյանը, իսկ կազմակերպչական հարցերով զբաղվում էր «ՕքսԵՋեն» հիմնադրամի աշխատակից Գևորգ Բաբայանը:
Առաջին օրը մասնակիցները կատարեցին սեփական ուժերի SWOT վերլուծություն, ծանոթացան թիմերի ստեղծման գործընթացի փուլերին, կոնֆլիկտների լուծման ոճերին, բաժանվեցին թիմերի և կատարեցին առաջադրանք՝ ներկայացնելով խմբին և թիմին բնորոշ հատկանիշները:
Այնուհետև Սերգեյ Թանթուշյանը ներկայացրեց զգացական ընկալման խնդիրները, այն գործոնները, որոնք ազդում են շրջապատի (իրականության) ընկալման վրա և հաճախ հանդիպող իմացաբանական սխալները՝ ընտրողական ընկալում, պիտակավորում, համեմատում, պրոյեկտում, կարծրատիպային մտածելակերպ:
Օրվա վերջում սկսվեց և հաջորդ օրն առավոտյան շարունակվեց վերբալ և ոչ վերբալ հաղորդակցության վերաբերյալ սեմինարը: Մասնակիցները սովորեցին 7 «ազդեցիկ» բառերը, ծանոթացան մարմնի շարժումների լեզվին և դրանց մշակութային տարբերություններին, մարդկանց 3 տիպերին (նայող, լսող, շոշափող) և նրանց համոզելու նրբություններին:
Երկրորդ օրը դասընթացը շարունակեց Արտակ Ալոյանը՝ ներկայացնելով հաղորդակցման հմտությունները, արդյունավետ լսելու և համոզիչ խոսքի մեթոդները: Նա մասնավորապես նշեց, որ խոսքը համոզիչ դարձնելու համար անհրաժեշտ է բերել փաստեր և օրինակներ, հղում կատարել հեղինակավոր անձնանց կամ աղբյուրների, կատարել կանխատեսումներ և հերքել հակառակ տեսակետը:
Ստացած գիտելիքները մասնակիցները տեղում կիրառեցին՝ փորձելով հիմնավորել անհավանական թվացող գաղափարներ:
Այնուհետև սեմինարավարները խոսեցին անձի բրենդավորման, CV կազմելու և արդյունավետ գրավոր հաղորդակցության մասին:
Մասնակիցները կրկին բաժանվեցին թիմերի և պատրաստեցին CV-ներ, ապա գնահատեցին այլ թիմերի CV-ների որակը:
Ս.Թանթոշյանը ներկայացրեց էլեկտրոնային փոստի այնպիսի կառուցվածք, որի դեպքում նամակագրի ասելիքը կընդունվի հասցեատիրոջ կողմից և այն հարցը, ինչի համար գրվել է նամակը, կունենա դրական հանգուցալուծում: Մասնակիցները կատարեցին ինքնուրույն առաջադրանք՝ գրելով տրված խնդրի վերաբերյալ էլեկտրոնային նամակ:
Երրորդ օրը Ա.Ալոյանը ռեսուրսների արդյունավետ կառավարման վերաբերյալ ներկայացրեց նպատակի հստակեցման SMART գործիքը, ժամանակի կառավարման Էյզենհաուերի մատրիցան և այլ գործիքներ:
Մասնակցիները նաև ծանոթացան աշխատանքի հարցազրույցին մասնակցելուն նախապատրաստվելու սկզբունքներին, գործատուների կողմից գնահատվող անձնական հատկանիշներին, տպավորություն թողնելու նրբություններին, հաճախ տրվող հարցերին, աշխատանքային (գործնական) էթիկային, որոշումների կայացման քայլերին: Այս փուլումն նրանք քննարկեցին աշխատանքային իրավիճակներ և առաջարկեցին դրանց լուծման մի քանի այլընտրանքներ:
Վերջում մասնակիցներին ներկայացվեցին ոչ ֆորմալ ուսումնառության արդյունք հանդիսացող 8 ունակությունները.
Ամբողջ դասընթացն ընթացավ ակտիվ քննարկումների մթնոլորտում:
Դասընթացաշարի երկրորդ փուլը տեղի կունենա ս.թ. նոյեմբերին: