- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ֆրանկոֆոնիայի ավանում Տավուշի մարզը ներկայացրին ԵՊՀ ԻՄ-ի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտներ, ՀՀ ՆՄ անդամներ Անուշ և Դոնարա Չիբուխչյանները
2018թ. հոկտեմբերի 9-11-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Երևանի Ազատության հրապարակում պաշտոնապես բացված Ֆրանկոֆոնիայի ավանում Տավուշի մարզը ներկայացրին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտներ, ՀՀ նկարիչների միության անդամներ Անուշ և Դոնարա Չիբուխչյանները՝ իրենց յուրօրինակ աշխատանքներով:
Ֆրանկոֆոնիայի ավանն իր հարկի տակ էր միավորել միջազգային կազմակերպության անդամ շուրջ 30 պետությունների: Գագաթնաժողովի շրջանակներում բացված Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանի տաղավարը ներկայացնում էր տասը մարզերի և Արցախի մշակույթը, պատմությունը, բարիքները: Տաղավարը պատրաստվել է Զբոսաշրջության պետական կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Արցախի և ՀՀ 10 մարզպետարանների համատեղ ուժերով և աջակցությամբ:
Յուրաքանչյուր մարզից տաղավարում ներկայացված էին գրաֆիկական պատկերներ՝ դրանց մասին կարճ և հետաքրքիր տեղեկատվությամբ: Կային նաև տվյալ մարզին բնորոշ, էթնիկ մշակութային ցուցանմուշներ: Արմավիրի մարզից ներկայացված էին չրերը, Տավուշի մարզից՝ էթնիկ պատշգամբներից հատվածներ, Շիրակի մարզից՝ Ավետիք Իսահակյանի օրորոցը, իսկ Արարատի մարզը ներկայացված էր Արարատյան դաշտի բերք ու բարիքներով:
Տաղավարում ներկայացված էր նաև գորգագործություն, խաչքարագործություն և այլն: Տավուշի մարզը ներկայացրին ԵՊՀ ԻՄ-ի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտներ, ՀՀ ՆՄ անդամներ Անուշ և Դոնարա Չիբուխչյանները՝ ասեղնագործ գոտիներով, գլխարկներով, քսակներով և հելունագործ յուրատեսակ ու գունեղ ժանյակներով:
Վարպետները հյուրերին ներկայացրին հայկական մշակույթն ու ժառանգությունը՝ անցկացնելով ժանեկագործության և մաքոքագործության վարպետաց դասեր: Այցելուները հիացած էին և տպավորված Տավուշի մարզի տաղավարով: