- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ ՄԿՈԱ բաժնի նախաձեռնած հանդիպումը պրակտիկա անցած ուսանողների հետ
2018թ. նոյեմբերի 13-ին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինը նախորդ (2017-18) ուստարում արտադրական կամ մանկավարժական պրակտիկա անցած ուսանողների համար կազմակերպել էր հանդիպում-քննարկում:
Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, ՄԿՈԱ բաժնի աշխատակիցները, պրակտիկաների ղեկավարները, կրթական ծրագրերի պատասխանատուները և պրակտիկա անցած ուսանողները:
Հանդիպման սկզբում ՄԿՈԱ բաժնի վարիչ Մարիետա Ճաղարյանը ներկայացրեց հանդիպման նպատակը, այն է՝ ներկաների քննարկմանը ներկայացնել բաժնի կողմից 2017-18 ուստարվա ընթացքում արտաքին և ներքին շահակիցների շրջանում անցկացված պրակտիկաների կազմակերպումից բավարարվածության հարցման արդյունքները:
Մ.Ճաղարյանը, ներկայացնելով հանդիպման օրակարգը, նշեց, որ մասնաճյուղի ղեկավարությունն առանձնակի նշանակություն է տալիս արտաքին շահակիցների շրջանում պարբերաբար իրականացվող սոցիալական հարցումներին, որոնց արդյունքները թույլ են տալիս ժամանակին ու պատշաճորեն արձագանքել աշխատաշուկայի պահանջների դինամիկային: Վերջին հարցումն անց է կացվել 2017-18 ուստարվա ընթացքում տարբեր մասնագիտությունների ուսանողների մանկավարժական, ուսումնական և արտադրական պրակտիկաների ժամանակ: Արտաքին շահակիցները գնահատել են պրակտիկանտ-ուսանողների մասնագիտական և անձնային որակները՝ տեսական գիտելիքները, գործնական հմտությունները, մասնագիտական խոսքը, ժամանակակից մեթոդներ կիրառելու հմտությունները, վարվեցողությունը, թիմում աշխատելու հմտությունները, նշել են մեր ուսանողների՝ ուշադրության արժանի մասնագիտական առավելությունները և թույլ կողմերը, կատարել հետաքրքիր և կարևոր առաջարկներ:
Նա նշեց, որ մասնակիցներին ներկայացնելով պրակտիկանտ-ուսանողներին արտաքին շահակիցների տված գնահատականները, պրակտիկայի կազմակերպումից և բովանդակությունից ուսանողների և շրջանավարտների բավարարվածության արդյունքները՝ ակնկալում է, որ այդ արդյունքների քննարկումը թույլ կտա վերհանել պրակտիկայի ընթացքում առաջացած խնդիրները, հավաքագրել պրակտիկայի իրականացման գործընթացի բարելավմանն ուղղված առաջարկներ:
Բաժնի մասնագետ Անահիտ Հովսեփյանը ներկայացրեց, որ 2017-18 ուստարվա ընթացքում մասնաճյուղի առկա ուսուցման 243 և հեռակա ուսուցման 357 ուսանողներ արտադրական, մանկավարժական և ուսումնական պրակտիկա են անցել ՀՀ բնական և պատմական հուշարձանների տարածքում, հնավայրերում և թանգարաններում, Տավուշի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում, մարզի հյուրանոցներում և սպասարկման ոլորտի տարբեր օբյեկտներում, սոցիալական տարբեր ծառայություններում, Անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանումում, Իջևանի անտառտնտեսությունում և Դենդրոպարկում, «Քարարտ» փակ բաժնետիրական ընկերությունում, «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական աջակցության կենտրոնում, Իջևանի արվեստի դպրոցում:
Ապա նա շնորհանդեսի միջոցով մասնակիցներին ներկայացրեց մասնաճյուղի պրակտիկանտ-ուսանողների մասնագիտական ու անձնային որակների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիք-գնահատականները, նաև դրանց համեմատական վերլուծությունը:
Նշվեց, որ արտաքին շահակիցների կողմից բարձր են գնահատվել պրակտիկանտների տեսական գիտելիքների իմացությունը (հարցվողների 84.9%-ը գնահատել է գերազանց (36,4%) ու լավ (48,5%), գործնական հմտությունները՝ 87,9% (գերազանց՝ 36,4%, լավ՝ 51,5%) և մասնագիտական խոսքը՝ 81,8% (գերազանց՝ 39,4%, լավ՝ 42,4%): Ի լրումն նշվածին՝ փաստվեց նաև, որ բավականին շահակիցներ իրենց գրած բաց կարծիքներում վերոնշյալ հատկանիշները նույնիսկ համարել են նկատելի առավելություն:
Հաշվի առնելով կրթության և գիտության ոլորտում տեղի ունեցող պարբերական զարգացումն ու առաջընթացը և աշխատաշուկայում մրցակցային պայքարի ժամանակակից մարտահրավերը՝ առանձնապես կարևորվեցին դասավանդման ժամանակակից մեթոդներին (հատկապես մանկավարժական պրակտիկայի տեսանկյունից) և տեղեկատվական տեխնոլոգիաներին ուսանողների տիրապետելու ունակությունները։ Ներկայացնելով արտաքին շահակիցների տված գնահատականները՝ նշվեց, որ հարցմանը մասնակցած շահակիցների 75,8%-ը պրակտիկանտների՝ դասավանդման ժամանակակից մեթոդներին տիրապետելու կարողությունները գնահատել է գերազանց (39,4%) և լավ (36,4%) գնահատականներով, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետելու մակարդակը շահակիցների 81,8%-ը գնահատել է բարձր (գերազանց՝ 48,5%, լավ՝ 33,3%):
Ա.Հովսեփյանը, ներկայացնելով մասնագիտական գործընթացին ստեղծագործաբար մոտենալու մեր պրակտիկանտ-ուսանողների ունակություններին արտաքին շահակիցների 84%-ի տված բարձր գնահատականները, փաստեց, որ այդ հատկանիշը դրսևորվում է գործատուների հետ հենց առաջին հանդիպումների ժամանակ:
Ապա ներկայացվեցին պրակտիկանտների՝ թիմում աշխատելու հմտություններին (84,8%), վարվեցողության և էթիկայի նորմերը պահպանելու ունակություններին (93․9%) տրված գնահատականները, որոնք նույնպես բարձր էին, որակական հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են ինչպես գործատու-ուսանող հարաբերություններում, այնպես էլ հասարակության մեջ ուսանողի դերակատարության ըմբռնման համար: Պրակտիկաների կազմակերպման գործընթացը արտաքին շահակիցները գնահատել են բարձր (4.72 միջին գնահատական)։
Ներկայացված յուրաքանչյուր արդյունքի շուրջ տեղի էր ունենում բուռն քննարկում, որին ակտիվորեն մասնակցում էին նաև ուսանողները՝ ազատ արտահայտելով իրենց տեսակետները և անհամաձայնությունը արտաքին շահակիցների տված որոշ գնահատականների վերաբերյալ։
Զեկուցողը ներկայացրեց նաև ըստ արտաքին շահակիցների մասնաճյուղի պրակտիկանտների առավելություններն ու ուժեղ կողմերը՝ մասնավորապես առանձնացնելով այդ կարծիքներից մասնագիտական բարձր պատասխանատվությունը, պարտաճանաչությունը, աշխատասիրությունը, ուշադրությունը, լսելու ունակությունը, մասնագիտորեն ճիշտ ձևակերպված խոսքը, նորին ու առավելագույնին ձգտելու ցանկությունը, խորը գիտելիքները, մասնագիտական գրականությունից տեղին օգտվելու հմտությունները, ճիշտ և հետաքրքիր հարցադրումներ կատարելու ունակությունները, ստեղծագործական կարողությունները:
Վերոնշյալ դրական հատկանիշների հետ միասին արտաքին շահակիցները նշել էին նաև մեր ուսանողների որոշ մասնագիտական թերություններ և բարելավմանն ուղղված առաջարկներ (փորձ ձեռք բերելու նպատակով ավելի հաճախ ներգրավվեն տարբեր պրակտիկ աշխատանքներում, փոխեն մոտեցումները ուսման նկատմամբ և սովորեն սովորեցնելով, արդեն իսկ մտածեն լավ մանկավարժ դառնալու մասին, դրա համար ձեռք բերեն ավելի շատ գիտելիքներ ու մեթոդական հմտություններ և այլն):
Հարցման մասնակիցները կատարել էին նաև այսպիսի առաջարկներ՝ երկարացնել պրակտիկայի տևողությունը կամ դարձնել ավելի հաճախակի, ավելի հստակ պլանավորել և կազմակերպել պրակտիկայի գործընթացը, ուսանողներին նախապատրաստել նոր մեթոդներով աշխատելուն և հետո ուղարկել պրակտիկայի վայրեր, այդ գործընթացում ներգրավել մի քանի մասնագետներ։
Ապա ներկայացվեցին 2017-18 ուստարվա մայիսին բաժնի կողմից մասնաճյուղի I-III կուրսերի ուսանողների շրջանում անցկացված առցանց հարցման շրջանակներում պրակտիկայի կազմակերպման գործընթացին ուսանողների տված գնահատականները մասնաճյուղի կտրվածքով, ապա ըստ ֆակուլտետների։ Որոշ գործընթացներին տված ուսանողների գնահատականները համեմատվեցին արտաքին շահակիցների տված գնահատականների հետ, որը նույնպես դարձավ բուռն քննարկման առարկա։
Հանդիպմանը ներկա պրակտիկաների ղեկավարները որոշեցին արդյունքները քննարկել ֆակուլտետներում, վերհանել խնդիրները և պրակտիկայի գործընթացի բարելավվմանն ուղղված առաջարկությունները ներկայացնել ՄԿՈԱ բաժին։
Վերջում հանդիպմանը մասնակցող ուսանողներին բաժանվեցին հարցաթերթեր, որոնց միջոցով նրանք գնահատեցին հանդիպման արդյունավետությունը։