- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Տիգրան Մեծի քաղաքականությունը և դրա հետևանքները» թեմայով բանավեճ-քննարկում՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների և Վ. Ծաղկավանի դպրոցի աշակերտների մասնակցությամբ
2018թ. նոյեմբերի 20-ին Վերին Ծաղկավան գյուղի Հայկ Ղազարյանի անվան միջնակարգ դպրոցում կայացավ «Տիգրան Մեծի քաղաքականությունը և դրա հետևանքները» թեմայով բանավեճ-քննարկում՝ ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության մի խումբ ուսանողների և նույն դպրոցի աշակերտների մասնակցությամբ:
Քննարկմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանը, շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը, տարբեր մասնագիտությունների («Պատմություն», «ՄՀ», «ՏՄՄ», «ՔԿԳ») ուսանողներ, Վ. Ծաղկավանի դպրոցի ղեկավար և ուսուցչական անձնակազմը, տարբեր դասարանների աշակերտներ, հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ Վերին Ծաղկավանի միջնակարգ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սուսաննա Ամիրխանյանը՝ ջերմորեն ողջունելով բանավեճ-քննարկման նպատակով իրենց դպրոցում հյուրընկալվելու համալսարանականների նախաձեռնությունը, ուսումնական գործընթացում կարևորելով դպրոց-համալսարան համագործակցության խորացումը, փոխադարձ այցերն ու համատեղ իրականացվող ծրագրերը:
Բանավեճ-քննարկման ընթացքում ուսանողները ներկայացրին Տիգրան Մեծի վարած քաղաքականության դրական կողմերը, իսկ աշակերտներն արտահայտեցին նրա քաղաքականության բացասական կողմերի վերաբերյալ սեփական պատկերացումները՝ զուգահեռներ անցկացնելով նոր ժամանակների հետ:
Ներկայացվեց, թե ինչպես է մ.թ.ա. 95 թվականին գահ բարձրանում մեր ամենանշանավոր պատմական դեմքերից մեկը՝ Տիգրան 2-րդը, ում պատմագրության մեջ անվանում են Տիգրան Մեծ: Հոր՝ Տիգրան Առաջինի մահից հետո սահմանակից գավառներից 70 հովիտ պարթևներին զիջելով՝ նա ազատվում է պատանդությունից, վերադառնում Հայաստան և ժառանգում հոր գահը 45 տարեկանում: Տիգրանն արագ վերակազմավորում է հայոց բանակը և ձեռնամուխ լինում հայոց պետության հեղինակության վերականգնմանն ու հզորացմանը: Մ.թ.ա. 94թ. նա գրավում է Ծոփքը՝ դրանով ավարտին հասցնելով հայկական հողերի միավորման գործընթացը:
Հայոց երկրի հյուսիսում նույն ժամանակ հզորանում էր Պոնտոսի թագավորությունը: Նրա հանճարեղ գահակալ Միհրդատ Զ Եվպատորը (մ.թ.ա. 111-63), որ Հռոմի ոխերիմ թշնամին էր, լինելով հմուտ զորավար ու դիվանագետ, անմիջապես հասկանում է Տիգրանի հավակնություններն ու ուժը և նրան դաշինք առաջարկում: Մ.թ.ա. 94թ. կնքվում է հայ-պոնտական դաշինքը, որով երկու թագավորները միմյանց միջև բաժանում են ապագա նվաճումների տարածքները: Դաշինքն ամրապնդելու համար Տիգրան 2-րդը կնության է առնում Միհրդատի երիտասարդ, գեղանի դստերը՝ Կլեոպատրային:
Մ.թ.ա. 87 թ. հայոց երկնակամարում փայլում է Հալլեի գիսաստղը: Դա հաջողակ նշան է համարվում Տիգրանի համար, նա պատերազմ է հայտարարում Պարթևստանին ու նվաճում այդ հզոր երկիրը: Տիգրանը ոչ միայն ազատագրում է պարթևաց պետության տարածքում գտնվող հայոց երկրամասերը, այլև հարկատու է դարձնում պարթևական հզոր թագավորությանն ու պարթև Արշակունիներից խլում արքայից-արքա տիտղոսը: Սրանով Տիգրան Մեծի պետությունը դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն տերությունը: Նա իր սրին է ենթարկում նաև Միկդոնիան, Օսրոենեն, Ատրպատականը, Ադիաբենեն, Կորդուքը... Տիգրանը Մեծը Հայքին է միացնում նաև Հյուսիսային Միջագետքն ու նրա կենտրոն Մծբինում կառավարիչ նշանակում իր կրտսեր եղբայր Գուրասին:
Տիգրան Մեծը մ.թ.ա. 83թ. բազմում է Սելևկյան գահին: Դրանով, փաստորեն, պատմության թատերաբեմից հեռանում է Հին Արևելքի ևս մեկ հզոր պետություն` Սելևկյան թագավորությունը:
Ավարտելով իր նվաճումները` Տիգրան Մեծն իր հսկայական տերության աշխարհագրական կենտրոնում` Մեծ Հայքի Աղձնիք նահանգում, կառուցում է նոր մայրաքաղաք` Տիգրանակերտը: Արտաշատը համարվում էր Տիգրանի տերության հյուսիսային, Անտիոքը` հարավային մայրաքաղաքը: Ժամանակակիցների վկայությամբ` Տիգրանակերտը կարճ ժամանակում դառնում է Հին աշխարհի մեծ, փարթամ ու ճոխ քաղաքներից մեկը:
Տիգրան 2-րդը 25 տարի տևող հաղթական նվաճումների ընթացքում ստեղծում է մի լայնածավալ տերություն, որի սահմանները տարածվում էին Կասպից ծովից մինչև Եգիպտոսի սահմաններն ու Միջերկրական ծովը: Հայաստանը վերածվում է Առաջավոր Ասիայի հզոր տերության:
Բանավեճ-քննարկման ընթացքում տեղի ունեցավ մտքերի ակտիվ և կառուցողական փոխանակում:
Քննարկումն ուղեկցվեց դպրոցի շնորհալի սաների երաժշտական-պարային գեղեցիկ կատարումներով:
Ցուցադրվեց նաև մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ պրեզենտացիա:
Եզրափակիչ խոսքով հանդես եկան դպրոցի փոխտնօրեն Ս.Ամիրխանյանն ու մասնաճյուղի դասախոս Վ.Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով քննարկման կազմակերպիչներին ու մասնակիցներին, նրանց մաղթելով հաջողություններ:
Մասնակիցների հավաստագրերն ու բանավեճի կազմակերպմանն աջակցած անձանց շնորհակալագրերը հանձնեց բանավեճ-քննարկման նախաձեռնող, «Պատմություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանող Ալիխան Բալդրյանը, ով, ի դեպ, հենց ծաղկավանցի է:
Քննարկումից հետո ուսանողները ծանոթացան դպրոցին, եղան գրադարանում և Տարեգրության թանգարանում:
Հանդիպումն ավարտվեց հյուրասիրությամբ, բուհի և դպրոցի ներկայացուցիչների միջև ծավալված ջերմ ու անմիջական զրույցով, որի ընթացքում կողմերը պայմանավորվեցին համագործակցությունը խորացնել՝ իրականացնելով փոխադարձ այցեր ու համատեղ միջոցառումներ:
Հանդիպման բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: