- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացան ՄԿՊԿ բաժնի հերթական հանդիպումները Իջևանի տարածաշրջանի դպրոցներում
2018թ. նոյեմբերի 14-ին և 22-ին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի մի քանի աշխատակիցներ` Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյանը, ՈՒՄՎ բաժնի աշխատակից Ա.Մանուչարյանը հերթական հանդիպումներն իրականացրին Տավուշի մարզի մի շարք դպրոցներում:
Այս անգամ համալսարանականներն այցելել էին Իջևանի ավագ դպրոց, Այգեհովիտ, Ազատամուտ, Կայանավան գյուղերի միջնակարգ դպրոցներ` նպատակ ունենալով ավարտական դասարանի աշակերտներին իրազեկել մասնաճյուղի՝ 2019թ. ընդունելության մասնագիտությունների և կրթական ծրագրերի վերաբերյալ, իրականացնել մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ:
Հանդիպումներին մասնակցում էին թե՛ 12-րդ դասարանի աշակերտները, թե՛ դպրոցների տնօրենները և ուսուցիչները:
Այցելությունների ընթացքում ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. ընդունելության կրթական ծրագրերը, նոր առաջարկություններն ու հնարավորությունները (խոսքը վերաբերում է առկա ուսուցմամբ «Բնապահպանություն և բնօգտագործում», «Կիրառական արվեստ» և «Հոգեբանություն» կրթական ծրագրերին), քննական առարկաները, ընդունելության քննություններում կատարված փոփոխությունները:
Դպրոց-համալսարան կապն ամրապնդելու, դիմորդներին օգտակար լինելու նպատակով առաջարկվեց պարբերաբար իրականացնել ճանաչողական այցեր մասնաճյուղ, ինչպես նաև դպրոցներում կազմակերպել ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների մասնակցությամբ թեմատիկ և ակնարկային դասախոսություններ ու քննարկումներ:
Հանդիպումների ընթացքում աշակերտները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, որոնք վերաբերում էին կրթական գործընթացին, ուսման վարձաչափերին, ուսումնառողների համար նախատեսված զեղչերին ու արտոնություններին, ընդունելության քննությունների՝ աստղանիշով առարկաներին:
Այցելությունների վերջում դպրոցների և համալսարանի ներկայացուցիչները պայմանավորվածություն ձեռք բերեցին ավելի սերտացնելու և խորացնելու փոխհամագործակցությունը: