- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մասնաճյուղում կայացավ «Միկրոպլան» բիզնես-խաղը՝ նվիրված ՀՀ ազգային արժույթի ստեղծման 25-ամյակին
2018թ. նոյեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Անուշ Սարիբեկյանի ու Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ, բուհի ուսանողական կառույցների (ՈՒԳԸ և ՈՒԽ) աջակցությամբ կայացավ «Միկրոպլան» բիզնես-խաղը, որը նվիրված էր ՀՀ ազգային արժույթի՝ դրամի ստեղծման 25-ամյակին:
Բիզնես-խաղին մասնակցում էին Տնտեսագիտության ֆակուլտետի «Տնտեսագիտություն», «Սերվիս», «Զբոսաշրջություն» և «Ֆինանսներ» մասնագիտությունների 15 ուսանողներ:
Խաղը վարում էին Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի աշխատակիցները:
Ուսանողները բաժանվել էին 3 թիմերի, այսպես ասած՝ «ընտանիքների», որոնց առջև դրված էր խնդիր. ունենալով նախնական սահմանափակ բյուջե՝ պլանավորել, այնուհետև կազմակերպել արտադրություն, որից ստացված շահույթը առավելագույնս մոտ լինի պլանավորվածին:
Խաղը բիզնես գործունեության պարզեցված մոդել էր, որը հնարավորություն էր տալիս պատկերացում կազմել իրական բիզնես կյանքի դժվարությունների, մարտահրավերների և հնարավորությունների մասին:
Թիմերը ստացած վարկով ձեռք էին բերում հումք, կազմակերպում արտադրություն, իրացնում շուկայում, ընդ որում՝ խոտան արտադրանքը մերժվում էր շուկայի կողմից:
Հետաքրքիր և միևնույն ժամանակ լարված խաղից հետո հաղթող ճանաչվեց այն թիմը, որի վերջնական շահույթը և արտադրության ծավալը առավելագույնս մոտ էին պլանավորվածին:
Հաղթող թիմը պարգևատրվեց պատվոգրով, իսկ մյուս թիմերը՝ հավաստագրերով: