- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «ՀԼԳ» մասնագիտության առկա ուսուցման II և III, հեռակա ուսուցման V կուրսերի ուսանողներն այցելեցին Երևանի և Լոռու մարզի պատմամշակութային վայրեր ու տուն-թանգարաններ
2018թ. նոյեմբերի 9-ին ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առկա ուսուցման II և III, իսկ նոյեմբերի 22-ին դարձյալ առկա ուսուցման III և հեռակա ուսուցման V կուրսերի ուսանողները 2018-19 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված արտադրական պրակտիկայի շրջանակներում այցելեցին Երևանի և Լոռու մարզի պատմամշակութային վայրեր ու մի քանի տուն-թանգարաններ: Պրակտիկայի ղեկավարն էր բ.գ.թ., դոցենտ Վ.Աղաբաբյանը:
Արտադրական պրակտիկայի հիմնական նպատակն է գործնական աշխատանքների հիման վրա ուսանողների տեսական գիտելիքների ամրապնդումը, իրենց մասնագիտության բնագավառում գործնական հմտությունների ու կարողությունների, ինքնուրույն մասնագիտական փորձի ձեռքբերումը:
Նոյեմբերի 9-ին «ՀԼԳ» մասնագիտության առկա ուսուցման II և III կուրսերի ուսանողներն այցելեցին Երևանում Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան: Ուսանողները ծանոթացան թանգարանի կառուցվածքին, Քանաքեռի պատմությանը, Խ.Աբովյանի կյանքին, գրական և մանկավարժական գործունեությանը, ձեռագրերին:
Այնուհետև այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան: Նրանք շրջեցին հիմնական ցուցադրության սրահներում, ծանոթացան հին ձեռագրերի պատմությանը, մանրանկարչությանը, նրանցում օգտագործված գույների ստացման եղանակներին:
Վերջում այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Նախ ծանոթացան գրողի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերին, անձնական իրերին, շրջեցին երկրորդ հարկում, որտեղ գրեթե նույնությամբ վերարտադրված է մեծ գրողի թիֆլիսյան բնակարանը: Վերջում դիտեցին «Անբան Հուռին» կարճամետրաժ մուլտֆիլմը:
Նոյեմբերի 22-ին ուսանողներն այցելեցին Լոռու մարզ: Վանաձորում նրանք այցելեցին Ստեփան Զորյանի տուն-թանգարան, որը եղել է գրողի ամառանոցը, և որտեղ գրողն ապրել է 4 տարի: Ուսանողները նախ ծանոթացան գրողի ծննդավայրի՝ հին Ղարաքիլիսայի պատմությանը, ապա Զորյանի կյանքին և ստեղծագործական ժառանգությանը: Վերջում դիտեցին Ստ. Զորյանի «Ջրհորի մոտ» պատմվածքի հիման վրա ստեղծված համանուն ֆիլմը:
Այնուհետև ուղևորվեցին «Հանճարեղ լոռեցու» հայրենի գյուղ՝ Դսեղ, այցելեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որը եղել է գրողի հայրական տունը, և որի բակում թաղված է գրողի սիրտը:
Ուսանողները նախ շրջեցին հացատանը, մեծ օթախում, ծանոթացան այն միջավայրին, որտեղ անցել է գրողի մանկությունը: Եղան ցուցասրահներում, ուսումնասիրեցին ներկայացվող նմուշները, գրողի և նրա հարազատների անձնական իրերը: Ուսանողներն ամրապնդեցին իրենց գիտելիքները՝ վերհիշելով գրողի կյանքը, գրական և հասարակական գործունեությունը:
Վերջում խումբն այցելեց Հաղպատի վանական համալիր, ծանոթացավ նրա պատմությանն ու ծավալած կրթամանկավարժական գործունեությանը, այցելեց Հովհաննես Սարկավագի գերեզմանին: