- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները Կառավարման և առաջնորդության երկրորդ ամենամյա համաժողովում
2018թ. նոյեմբերի 27-ին Երևանում մեկնարկեց Կառավարման և առաջնորդության երկրորդ ամենամյա համաժողովը, որն իրականացվում էր «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի կողմից, Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան և Բրիտանական խորհրդի աջակցությամբ:
Համաժողովում ներգրավված էին շուրջ 200 մասնագետներ, միջազգային և տեղացի 15 հեղինակավոր փորձագետներ և դասընթացավարներ այնպիսի ստեղծարար ոլորտներից, ինչպիսիք են գովազդն ու մարքեթինգը, ճարտարապետությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, դիզայնը, ֆիլմարտադրությունը, գրականությունը և այլն:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից համաժողովին մասնակցում էին Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի ԺՊ, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Գ.Ավետիսյանը, նույն ամբիոնի դասախոսներ Ա.Սարիբեկյանը և Ա.Եգանյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Շ.Գրիգորյանը և Բնական գիտությունների ֆակուլտետի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, ֆ.մ.գ.թ. Կ.Հովսեփյանը:
Համաժողովում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տնտեսական զարգացման և նորարարությունների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց, որ այս իրադարձությունը կարևոր նշանակություն ունի և ուղղված է Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանը:
Այնուհետև ներկաներին ողջունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ով նշեց, որ Հայաստանում կառավարման ոլորտում անհրաժեշտ ներուժ կա, և հայտնեց իրենց փորձը փոխանցելու պատրաստակամության մասին:
«Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը, ոջունելով համաժողովի անդամներին, անդրադարձավ այն փաստին, որ կազմակերպությունների միջև մրցակցության աճը որակյալ կադրերի խնդիր է առաջացնում, և այս հարցում նշանակալի է բրիտանական փորձի ուսումնասիրությունը:
Զեկուցումներով հանդես եկան խոսնակներ՝ ստեղծարար ոլորտների միջազգային առաջատար փորձագետ Անամարիա Ուիլսը («Առաջնորդությունը ստեղծարար և մշակութային ոլորտում»), գրող, գեղարվեստական ղեկավար, “Northern Lines” ընկերության տնօրեն Ջավաադ Ալիպուրը («Ստեղծարար և ֆինանսական իմպերատիվների հավասարակշռում») և “Inspired2Learn” ընկերության տնօրեն Բարրի Սմեյլը («Ինչու՞ և ինչպե՞ս դառնալ CMI կառավարիչ Հայաստանում»):
Համաժողովի մի շարք մասնակիցներ, որոնք ավարտել էին «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի և բրիտանական «Inspired2learn» ընկերության նախաձեռնած կառավարիչների վերապատրաստման դասընթացը, ստացան կառավարման և առաջնորդության CMI որակավորում:
Բանախոսների ելույթներին հաջորդեցին պանելային քննարկումներ աշխատաժողովի մասնագիտական չորս տարբեր ուղղությունների (ռազմավարական կառավարում և առաջնորդություն, նախագծերի կառավարում և ֆինանսներ, մարքեթինգ, բրենդինգ և մտավոր սեփականություն, ձեռնարկատիրություն և նորարարություն) վերաբերյալ: Քննարկումներից հետո ձևավորվեցին աշխատաժողովներ, որոնց ընթացքում դասընթացավարները ներկայացրին իրենց լավագույն փորձը, պրակտիկ իրավիճակներ և առաջարկեցին ժամանակակից լուծումներ:
Կառավարման և առաջնորդության երկրորդ ամենամյա համաժողովի վերջում մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:
Կից ներկայացնում ենք համաժողովի օրակարգը: