- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին
2018թ. դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին, ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի մի խումբ ներկայացուցիչներ՝ տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանի գլխավորությամբ, Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում մասնակցեցին 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությանը, որն իրականացվեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ:
Սրբազանին որպես աղոթակից սպասավորում էին արժանապատիվ Տեր Հայրեր՝ Տեր Սիմեոն, Տեր Թորգոմ և Տեր Արշավիր քահանաները:
Երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար կատարված արարողությանը ներկա էին Տավուշի մարզի տարբեր ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներ, քաղաքացիներ:
1988թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ հյուսիսային շրջաններում` գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ, տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ: Դրա հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների ենթարկվեցին հազարավոր շինություններ, զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ:
Այն տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպեին (տեղական ժամանակով` 11 անց 41րոպե, 22.7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազ) մարդ:
Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին, ինչպես և պատմաճարտարապետական հուշարձաններին:
Անսպասելի աղետը հանկարծակիի է բերել ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ են մտել 2-3 օր հետո: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ: