2018թ. դեկտեմբերի 6-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ և Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի համագործակցությամբ տեղի ունեցավ «Հայոց պետականության կերտումը, հիմնական փուլերն ու բնութագրական գծերը (1918-1920 թթ.)» թեմայով բանավեճ-քննարկում՝ նվիրված Պատմաբանի օրվան:

Քննարկմանը մասնակցում էին Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսներ Ա.Ազատյանը, Վ.Պողոսյանը, պ.գ.թ., ասիստենտ Ն.Գրիգորյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Լ.Բեգինյանը, «Պատմություն» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ:

Ա.Ազատյանը խոսեց պետականության կերտման դժվարությունների, այդ գործում մեծ ավանդ ունեցած գործիչների կատարած հայրենանվեր գործունեության, հանրապետության կարճատև շրջանի փուլավորման և դրանց առանձնահատկությունների մասին՝ նշելով, որ դեռևս ժամանակին վարչապետ Ս.Վրացյանը Հայաստանի առաջին հանրապետության պատմությունը բաժանել էր երկու փուլի՝ գոյատևման և ստեղծագործական գործունեության շրջանների:

«Հայաստաը փոքր, աղքատ երկիր էր՝ սովյալներով ու գաղթականներով լեցուն, երկրում տարածված խոլերիային աշնանը գումարվեց նաև բծավոր տիֆը, ուստի առաջնահերթ խնդիր էր դառնում ամեն ինչ անել ժողովրդին համաճարակից ու սովից փրկելու համար: Նման պայմաններում Հ.Քաջազնունու գլխավորությամբ մի պատվիրակություն է մեկնում ԱՄՆ՝ օգնություն ստանալու: 1919թ. մայիսին ամերիկյան օգնությունը հասավ Հայաստան, որը մեզ համար փրկություն էր: Չնայած աղքատ, սոված, երեք կողմից շրջափակված լինելուն՝ ՀՀ կառավարությունն այնուամենայնիվ կարողացավ քայլեր իրականացնել, որոնք միտված էին նոր ստեղծված պետությանը ժամանակի քաղաքակրթական արժեքներին մոտ դարձնելուն, - ընդգծեց Ազատյանը:

Ներկայացվեց, որ խորհրդային շրջանում բավականին ժամանակ Առաջին հանրապետությունում ստեղծված շատ իրողություններ վերագրվում էին խորհրդային պետությանը: Օրինակ՝ ԵՊՀ-ի ստեղծումը, պարտադիր կրթությունը: Այնպիսի տպավորություն էր, որ կարծես բոլշևիկները Հայաստանում մտցրին պարտադիր կրթություն:

Անվիճարկելի համարվեց այն, որ անգրագիտության վերացումը նախկին ռուսական կայսրության տարածքի մեծ մասում կապված էր խորհրդային իշխանության հետ, սակայն, նշվեց, որ դա չէր  վերաբերում հայ իրականությանը, որովհետև մեր մեջ ի սկզբանե եղել է կրթություն ստանալու ձգտումը: Խորհրդային շրջանում անտեսվում էր այն հանգամանքը, որ Հայաստանում պարտադիր տարրական կրթությունը մտցվել է Առաջին հանրապետության շրջանում: Այդ ամենի հետ միասին պետությունն ուներ բանակ, որբեր պահելու խնդիր, ուստի շատ դպրոցներ դառնում էին զորանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, որովհետև պատրաստի շինություններ չկային: Եվ նման դժվարին պայմանների առկայության պայմաններում ևս կրթական գործի կազմակերպումը չանտեսվեց:

Այնուհետև դասախոսների և ուսանողների (մասնավորապես՝ Մհեր Ղալումյանի, Լարիդա Ղազումյանի և Շիրակ Գասպարյանի) մասնակցությամբ բուռն քննարկում-բանավեճ ծավալվեց ժողովրդավարության և խորհրդարանական համակարգի արդյունավետության խնդիրների շուրջ: Համեմատություններ անցկացվեցին Առաջին և Երրորդ հանրապետությունների վարած քաղաքականությունների միջև:

Լուսանկարներ
Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: