- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները ԵՊՀ ԻՄ-ում իրականացրին ՀՀ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ սեմինար-քննարկում
2018թ. դեկտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետում կայացավ ՀՀ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ սեմինար-քննարկում, որը վարում էին ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները՝ Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը, Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Նուրբենկյանը, Տնտեսական հետազոտությունների վարչության տնտեսագետ Արթուր Ղալթախչյանը:
Այն կազմակերպվել էր Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Նուրբենկյանի և ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի, Ուսանողական գիտական ընկերութան, Ուսանողական խորհրդի համագործակցությամբ:
Բովանդակալից սեմինար-քննարկման ընթացքում ներկայացվեց ՀՀ կենտրոնական բանկի վարած քաղաքականության էությունը, հանգամանորեն քննարկվեցին քաղաքականության լծակները։ Նշվեց, որ մինչև 2006 թվականը ԿԲ-ն նպատակադրում էր փողի ագրեգատները։ Հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ այդ եղանակն ունի բազում խնդիրներ և ցածր արդյունավետություն, ուստի 2006 թվականին անցում կատարվեց գնաճի նպատակադրմանը:
Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում գործազրկության խնդրին, հաստատված տոկոսադրույքի հավելաճի (ռիսկ պրեմիում) մակարդակին, ինչպես նաև գնաճի վերաբերյալ հասարակության սպասումներին: Յուրաքանչյուր եռամսյակը մեկ կատարվող հարցումների ամփոփ նկարագրում հստակ տեսանելի էր, որ 2001-2016 թվականներին հասարակության սպասումները գնաճի վերաբերյալ բավականաչափ բարձր են (հարցվածների շուրջ 65 տոկոսն ուներ գնաճի սպասումներ), իսկ 2016-2018 թվականներին գնաճի սպասումները որոշ տատանումներով ընդհուպ մոտենում են 10 տոկոսին:
Ներկաները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին սեմինարին՝ ակտիվորեն ուղղելով իրենց հետաքրքրող հարցերը, որոնք կապված էին ոչ միայն դրամավարկային քաղաքականության, այլև տնտեսության այլ բնագավառների հետ: