- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Հաջողության բանաձև». հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Նարեկ Չատյանի հետ
2019թ. հունվարի 29-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2008թ. շրջանավարտ, «Ապագա տուր» ՍՊԸ մենեջեր Նարեկ Լևոնի Չատյանի հետ:
-Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:
-Ծնվել եմ 1988 թվականի հունվարի 17-ին Իջևան քաղաքում:
-Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի (ծնողների, կնոջ, զավակների) մասին:
-Ես մանկավարժների ընտանիքի զավակ եմ: Հայրս՝ Լևոն Չատյանը, կյանքից հեռացել է, մայրս՝ Հասմիկ Աբազյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է: Ունեմ քույր և եղբայր. քույրս աշխատում է Մատենադարանում, եղբայրս՝ «Յելլ էքստրիմ պարկ»-ում:
-Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:
-Երազանքներս անընդհատ փոփոխվում էին. ամենատպավորվածները օդաչու և ճարտարապետ դառնալու երազանքներն էին:
-Ի՞նչ կրթություն եք ստացել:
- 2008 թվականին ավարտել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Սոցիալ-մշակութային ծառայություն և զբոսաշրջություն» մասնագիտության բակալավրիատը: 2010թ. ավարտել եմ ԵՊՀ մագիստրատուրան՝ ստանալով մշակութաբանության մագիստրոսի աստիճան:
- Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը Ձեր կյանքում:
- ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը հիմնական դեր է խաղացել իմ կյանքում և կարիերայում: Դասախոսական անձնակազմի (մեծապես՝ Պ.Ասիլբեկյանի), իմ ուսանող ընկերների՝ կրթության հանդեպ վերաբերմունքն ու սերը դրդեցին ինձ, չնայած սուղ պայմաններին, աշխատելու այն բնագավառում, որը կապված է իմ մասնագիտության հետ:
- Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:
- Իմ աշխատանքային գործունեությունն ամբողջվին կապված է «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտու հետ: 2009-ից «Ապագա ռեզորթ»-ում աշխատել եմ որպես ձիավար-ուղեկցող, 2012-ից՝ ադմինիստրատոր, 2015-ից աշխատում եմ որպես մենեջեր:
- Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:
- Հայ գրականությունից՝ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպը, արտասահմանյան գրականությունից՝ Պաուլո Կոելյոյի (Կոելիոյի) «Ալքիմիկոսը» գիրքը:
- Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:
- Ես մեծ գրքասեր եմ և ափսոսում եմ, որ վերջին տարիներին շատ չեմ հասցնում կարդալ: Վերջերս կարդացել եմ Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը:
- Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:
- Երաժշտության հանդեպ տարատեսակ մոտեցում ունեմ. ռաբիզ երաժշտություն այնքան էլ չեմ սիրում, ընդհանրապես, տրամադրությունից կախված, տարբեր ոճերի երաժշտություն եմ լսում, բայց առավել նախընտրում եմ ուրախ տրամադրություն ստեղծող երաժշտություն:
- Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:
- Սիրում եմ «Միլիոնատերը ետնախորշերից», «Մենք ենք, մեր սարերը», Ս.Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմերը, որոնք կարող եմ մի քանի անգամ դիտել:
- Ունե՞ք նախընտրելի մարզաձև:
- Ֆուտբոլն է իմ նախընտրած մարզաձևը. թե՛ ֆուտբոլ խաղալը, թե՛ դիտելը հոբբի է ինձ համար:
- Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:
- Հայաստանում իմ սիրած վայրը Մակարավանքն է՝ այն վայրը, որը տեսնելու առիթը երբեք բաց չեմ թողնի: Արտասահմանում շատ չեմ եղել. հավանել եմ Սոչիի “Красная Поляна” հանգստյան գոտին:
- Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:
- Ազնվությունը, անկեղծությունը, հավատարմությունը և իհարկե ինտելեկտը:
- Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:
- Առաջնորդող կարգախոս կամ ասույթ չունեմ:
- Ի՞նչ երբեք չեք անի:
- Չեմ դավաճանի, անազնիվ չեմ վարվի:
- Ինչի՞ց եք վախենում:
- Վախենում եմ հարազատ մարդկանց կորցնելուց:
- Ինչի՞ համար եք ափսոսում:
- Եթե լիներ այնպիսի մի երևույթ, որի համար առանձնապես ափսոսայի, կնշեի. երևի իմ կյանքում ամեն ինչ եղել է այնպես, ինչպես պետք է լիներ, թեև ամեն օր էլ կարելի է ափսոսալ արածների և չարածների համար:
- Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:
- Ներքին ձայնիս հետևելը, ինտուիցիայի նկատմամբ հավատն ինձ օգնում է տարբեր իրավիճակներում որոշումներ կայացնելիս:
- Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:
- Կարծում եմ՝ իմ ամենամեծ ձեռքբերումը դեռ առջևում է. մինչև հիմա բոլոր ձեռքբերումներս կապված են իմ աշխատանքային ոլորտի և ընկերների հետ...
- Ո՞րն է հաջողության հասնելու Ձեր բանաձևը:
- Հավատամքը, կամքի ուժը, նպատակասլացությունը, ուղղությունից չշեղվելու հատկությունը:
- Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:
- Ամենակարևոր խորհուրդները ստացել եմ իմ պապերից: Այդ խորհուրդները մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա և շատ են օգնել ինձ կյանքում, բայց հիմա դրանցից որևէ մեկը չեմ առանձնացնի:
- Ո՞րն է այն հիմնական խորհուրդ-պատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):
- Մեր երիտասարդներին խորհուրդ կտամ մասնագիտություն ընտրելիս հենց այնպես չընտրել, անպայման հաշվի առնել տվյալ մասնագիտության հանդեպ սերը և, ինչու չէ, ապագա աշխատանքը: Նրանց կմաղթեմ մեծ կամք և նպատակասլացություն իրենց մասնագիտությամբ աշխատելու համար:
- Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար:
Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ
կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը: