- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Հաջողության բանաձև». հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Լիաննա Բեգինյանի հետ
2019թ. փետրվարի 26-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2002թ. շրջանավարտ, Ուսումնամեթոդական վարչության մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժնի վարիչ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Լիաննա Գրիշայի Բեգինյանի հետ:
- Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:
- Ծնվել եմ 1980 թվականի նոյեմբերի 6-ին Իջևան քաղաքում:
- Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի (ծնողների, ամուսնու, զավակների) մասին:
- Մեր ընտանիքը սովորական հայկական ընտանիք էր, թաղամասի ընտանիքների նման: Ծնողներս երբեք հետաքրքրված չեն եղել գիտությամբ: Ես դեռ փոքր եմ եղել, երբ հայրս տեղափոխվել ու հիմնական բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, մայրս շատ դժվարությունների միջով է անցել մինչև մենք` ես և քույրս, կինքնուրույնանայինք: Ամուսնացել եմ 2005 թվականին, ունեմ մեկ դուստր և մեկ որդի, դուստրս՝ տասներկու տարեկան է, որդիս` ութ: Ամուսինս երկար ժամանակ աշխատել է «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունում, այժմ զբաղվում է մասնավոր գործունեությամբ:
- Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:
- Հիշում եմ՝ փոքր հասակում, երբ հարցնում էին, թե ինչ եմ ուզում դառնալ, ես պատասխանում էի` դերասան, մեծանալով հասկացա, որ հեռու եմ դերասան լինելուց:
- Ի՞նչ կրթություն եք ստացել:
- 1998-2002 թթ. սովորել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ ստանալով պատմության, մանկավարժության բակալավրի աստիճան: 2002-2004 թթ. սովորել եմ ԵՊՀ մագիստրատուրայում և ստացել պատմության մագիստրոսի աստիճան: 2005-2014 թթ. եղել եմ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայցորդ: 2014 թվականին պաշտպանել եմ «Հուղարկավորության և հիշատակի ծեսերն ու սովորույթները Տավուշում արդի փուլում. ավանդույթներ և նորույթներ» թեմայով գիտական ատենախոսություն, ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
- Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը Ձեր կյանքում:
- Ես համակարծիք եմ Ձեզ հետ, Հասմի՛կ, երբ նախորդ հարցազրույցում ասում եք, որ Մայր բուհի մասնաճյուղի գոյությունը Իջևանում փրկության իսկական աղբյուր էր այն երիտասարդների համար, ովքեր հնարավորություն (նյութական և այլ) չունեին Երևանում սովորելու, բայց մեծ ցանկություն ունեին ուսում ստանալու: Իմ դեպքում ևս այդպես էր (1990-ականներին քչերը կարող էին ուսում ստանալ Երևանում), մասնաճյուղը մեծ դեր է խաղացել իմ հետագա գործունեության համար: ԵՊՀ ԻՄ-ում ուսանելու տարիներին է, որ հասկացա, թե ինչ մասնագիտացում կուզենայի ունենալ, բազում առարկաների մեջ ինձ գրավեց ազգագրությունը: Դեռ փոքր հասակից ես հետաքրքրված էի այն արարողություններով, որոնք կատարվում էին իմ շուրջը, հաճախ էի ամռան գիշերներին բարձրանում մեր տան կտուրը և նայելով լուսավորված քաղաքին՝ փորձում հասկանալ, թե ինչպես են մտածում մարդիկ: Ինչ խոսք, ես շնորհակալ եմ իմ բոլոր դասախոսներին իրենց վերաբերմունքի և փոխանցած գիտելիքների համար: Մշտապես ասում եմ, որ ես թերևս չզբաղվեի գիտությամբ, եթե սեր և վստահություն չտեսնեի նրանց աչքերում: Նրանց շարքը համալրելը մեծ պատասխանատվություն է:
- Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:
- Դեռ ուսանելու տարիներից սկսել եմ իրականացնել մանկավարժական գործունեություն. 2001-2002 թթ. զբաղվել եմ ուսուցչությամբ Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, 2005 թվականից որոշ ժամանակ աշխատել եմ ԿԱԻ Տավուշի մասնաճյուղում որպես մասնագետ, նույն՝ 2005 թվականից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս, 2015 թ.-ից ասիստենտ եմ, 2018թ. սեպտեմբերից նաև ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչն եմ:
- Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:
- Սիրում եմ այն գրքերը, որոնք վերաբերում են աշխարհի ժողովուրդներին, իսկ ավելի շատ սիրում եմ հեքիաթներ (Հովհ. Թումանյան, Գրիմ եղբայրներ, Շարլ Պերո, Անդերսեն և այլք):
- Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:
- Մասնագիտական գրականություն միշտ եմ կարդում, գեղարվեստական գրականություն ոչ միշտ է ժամանակս թույլ տալիս, կարդացածս վերջին գեղարվեստական գիրքը եղել է ամերիկացի գրող և հասարակական գործիչ Թեոդոր Դրայզերի «Հանճարը»:
- Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:
- Ամենից հաճախ լսում եմ դասական երաժշտություն, կդժվարանամ առանձնացնել սիրած երգ, քանի որ սիրելի երգեր շատ ունեմ. դրանք իտալական, ֆրանսիական, ռուսական և հայկական երգեր են, որոնք լսում եմ՝ ելնելով տրամադրությունից և իրավիճակից, սակայն մշտապես կարող եմ լսել Կոմիտասի «Հոլ արա, եզո» կատարումը:
- Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:
- Սիրում եմ հայկական բոլոր այն ֆիլմերը, որտեղ խաղում են Մհեր Մկրտչյանը, Հրաչյա Ներսիսյանը և Սոս Սարգսյանը, արտասահմանյան ֆիլմերից այն ֆիլմերը, որոնք ուսուցողական են (օրինակ՝ «Աստվածային լույս» ֆիլմը), վերջին տարիներին թերևս նախընտրում եմ դիտել կատակերգություններ:
- Ունե՞ք նախընտրելի մարզաձև:
- Ինձ միշտ գրավել է գեղասահքը, կարծում եմ այն շատ դժվար մարզաձև է:
- Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:
- Ուսանելու տարիներից առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Երևանի նկատմամբ, հանգստություն եմ զգում, երբ քայլում եմ նրա լուսավորված փողոցներով, շատ սիրում եմ Գառնին. այն ուրիշ արժեք է հայի համար: Հայաստանից դուրս կցանկանայի տեսնել Նեմրութ լեռը, լինել Հունաստանում և Իտալիայում:
- Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:
- Բարոյականությունը, զսպվածությունը, լավատեսությունն ու կյանքի ձգտումը:
- Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:
- Ես երբեմն առաջնորդվում եմ ժողովրդական խոսքերով, դրանք հարուստ կենսափորձի արդյունք են: Օրինակ՝ դրանցից մեկը, որին ես հետևում եմ, մեզ ասում է. «Ոտքդ վերմակովդ մեկնիր», խորհուրդ է տալիս չկտրվել իրականությունից ու ճիշտ գնահատել ունեցածդ հնարավորությունները:
- Ի՞նչ երբեք չեք անի:
- Թեև կան բաներ, որոնց սկզբունքորեն դեմ եմ, սակայն երբեք չեմ ասում՝ երբեք, որպեսզի կյանքն ինձ հակառակում չհամոզի, պարզապես աղոթում եմ, որ Աստված ինձ ու իմ ընտանիքին փորձությունների չենթարկի:
- Ինչի՞ց եք վախենում:
- Ես սիրում եմ ասել` «վախենում են նրանք, ովքեր վախենալու բան ունեն», իսկ մարդը վախենալու բան ունի, եթե դա կապված է ծնողի, սիրելիի, երեխայի կամ մեկ այլ մարդու հետ, ով հոգեհարազատ է: Վախերով հանդերձ՝ ես փորձում եմ ընդունել կյանքն այնպիսին, ինչպիսին որ կա:
- Ինչի՞ համար եք ափսոսում:
- Ափսոսում եմ դպրոցական տարիներիս համար, որ անցան մութ ու ցուրտ պայմաններում: Նույնչափ ափսոսում եմ, երբ բնակության վայրը փոխում են կամ կյանքից հեռանում են այն մարդիկ, որոնց սիրում, գնահատում կամ կարևորում եմ:
- Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:
- Անցյալում ունեցած դժվարությունները և ապագայի նկատմամբ հավատը:
- Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:
- Մայրանալը, այն կնոջ ամենամեծ ձեռքբերումն է:
- Ո՞րն է հաջողության հասնելու Ձեր բանաձևը:
- Կարծում եմ՝ աշխատասիրությունը և պատասխանատվության զգացումը:
- Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:
- Խորհուրդներ շատ եմ լսել, բայց կարևորում եմ հատկապես դասախոսիս` Սիմոն Հմայակյանի տված խորհուրդը: Մի անգամ ինչ-որ առիթով նա ինձ ասաց. «Լիաննա՛, փոխի՛ր միջավայրդ, եթե քեզ լավ չես զգում»: Այդ օրվանից ես հետևում եմ նրա խորհրդին, իսկ երբեմն էլ մարդկանց ուղղակի ջնջում եմ հիշողությունիցս: Ի դեպ, մի քանի օր առաջ նրա ծննդյան օրն էր, և ես, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը ու փոխանցել հարգանքներս:
- Ո՞րն է այն հիմնական խորհուրդ–պատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):
- Մեր ուսանողներին խորհուրդ կտամ, որ ճիշտ օգտագործեն իրենց ուսանողական տարիները, զբաղվեն ինքնակրթությամբ և կարևորեն ազգային ու ընտանեկան արժեքները:
- Շնորհակալություն անկեղծ հարցազրույցի համար:
Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ
կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը: