- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կենդանի պահելով բարբառը. բարբառագիտական ընթերցումներ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում
2019թ. մարտի 2-ին ԵՊՀ հայ բանասիրության ՈՒԳԸ-ն և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնը կազմակերպել էին «Բարբառագիտական ընթերցումներ» խորագրով համաժողով:
ԵՊՀ մասնաճյուղի տնօրեն, ֆիզմաթ. գիտ. թեկ. Արտակ Ցուցուլյանը ողջունեց ուսանողներին. «Ուրախ եմ, որ մասնաճյուղում նման միջոցառումներ են տեղի ունենում և հույս ունեմ, որ դրանք ավանդույթ կդառնան: Քչերը գիտեն, որ այս տարին հոբելյանական է նաև մասնաճյուղի համար: Այս տարի լրանում է մասնաճյուղի ստեղծման 25-ամյակը»:
Բարի երթ մաղթելով համաժողովին՝ Արտակ Ցուցուլյանը հավելեց, որ այս միջոցառումը նվիրված է մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Վաչագան Ավագյանը ներկայացրեց միջոցառման նախապատմությունը:
«Ամիսներ առաջ, երբ Իջևանի մասնաճյուղում «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի հետ հանդիպումից հետո Երևան էինք վերադառնում, նկատեցինք, որ ուսանողներից մեկը, մոռանալով գիտական-ուսանողական միջավայրի մասին, սկսեց խոսել իր բարբառով, իսկ երբ սթափվեց, ներողություն խնդրեց: Այնքան քաղցր հնչեց նրա բարբառը, որ խորհուրդ տվեցի՝ լսարանային, գրական միջավայրից դուրս հարազատ մնալ բարբառին՝ այն աշխույժ միջավայր բերելով: Այդ ժամանակ որոշեցինք մինչև ճանապարհի վերջ յուրաքանչյուրս խոսել մեր բարբառով»,- պատմեց Վաչագան Ավագյանը:
«Անմիջապես միտք հղացավ այս ամենը բերել լսարանային միջավայր և դրան տալ գիտական բովանդակություն, չէ՞ որ ուսանողների մեծ մասը բարբառների կենդանի կրող է, և դա շատ հիանալի հնարավորություն է բարբառագիտական ուսումնասիրությունների համար»,- հավելեց նա:
Հայ բանասիրության ֆակուլտետի և մասնաճյուղի՝ տարբեր բարբառներ կրող ուսանողները պատրաստել էին հայտնի ստեղծագործությունների բարբառային տարբերակները: Համեմատության մեջ դնելով գրական հայերենը և այլ բարբառներ՝ ուսանողներն ուսումնասիրությունների լայն դաշտ մտնելու հնարավորություն ստացան:
Նմանատիպ միջոցառումները բարբառներն ուսումնասիրելու հիանալի հնարավորություն են ուսանողների համար, քանի որ կենդանի շփումը բարբառակիրների հետ, նրանց հետ քննարկումները տեսական գիտելիքները տեղափոխում են գործնական դաշտ:
Ի դեպ, ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Սամվել Եղիազարյանի նախաձեռնած «Բարբառագիտական հետազոտություններ և համեմատական բարբառագիտություն» ծրագրով վերականգնվում են ֆակուլտետի՝ բարբառներն ուսումնասիրող գեղեցիկ ավանդույթները:
Հիշեցնենք, որ բարբառագիտական առաջին ուղևորությունը դեպի Շիրակի մարզ էր: Այս անգամ, համագործակցելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի հետ, ուսանողները հնարավորություն ունեցան լսելու և ծանոթանալու Տավուշի մարզի բարբառներին:
Աղբյուրը՝ ysu.am:
Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: