- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ամփոփվեցին ուսանողների մնացորդային գիտելիքների ստուգման արդյունքները
2019թ. մարտի 19-26-ին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինն իրականացրեց մնացորդային գիտելիքի ստուգման արդյունքների քննարկումներ ուսանողների հետ:
Փետրվարին մասնաճյուղի 3 ֆակուլտետների (Բնական գիտությունների, Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության) շուրջ 9 մասնագիտությունների 10 I-III կուրսերում անցկացվել են մնացորդային գիտելիքի ստուգումներ: ԵՊՀ ԻՄ-ում մնացորդային գիտելիքի ստուգման առաջին փորձն էր սա, և ամբիոնները ամենայն պատասխանատվությամբ էին մոտեցել ստուգման տարբերակներում ներառված հարցերի և խնդիրների բովանդակությանը։ Կարևորվել էր մնացորդային գիտելիքի ստուգման նպատակը, այն է՝ բարձրացնել կրթական գործընթացի արդյունավետությունը, վերհանել ուսանողների ձեռքբերումները, գնահատել նրանց մասնագիտական հետագա գործունեության համար անհրաժեշտ հիմնարար գիտելիքների, ձևավորված կարողությունների և հմտությունների առկայության մակարդակը: Մնացորդային գիտելիքը, ի դեպ, այն նվազագույն պաշարն է, որն ուսանողը պարտավոր է կուտակել՝ ելնելով կրթական ծրագրի ընթացիկ պահանջներից և իր հնարավորություններից:
Մնացորդային գիտելիքների ստուգման արդյունքները հավաքագրվել, քննարկվել և վերլուծվել են ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՈԱ բաժնում: Վերլուծության ժամանակ ուսանողների դրսևորած մնացորդային գիտելիքների արդյունքները համադրվել են մոդուլի (եթե ստուգումն անցկացվել է մեկից ավելի մասնագիտական դասընթացներից) կամ դասընթացի միջին գնահատականի և ուսանողի միջին որակական գնահատականի հետ, որը հնարավորություն է տվել յուրաքանչյուր ուսանողի համար պարզել նրա ձեռքբերումների դինամիկան:
Այդ արդյունքները վերլուծելուց և ըստ կուրսերի ամփոփելուց հետո ՄԿՈԱ բաժինը մարտին կազմակերպել է ուսանողների հետ մնացորդային գիտելիքի ստուգման արդյունքների քննարկումներ։ Հանդիպում-քննարկումներին ներկա է եղել նաև մասնաճյուղի տնօրեն Ա. Վ. Ցուցուլյանը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, կրթական ծրագրերի ղեկավարները և դասախոսներ: Հանդիպումներն անցկացվել են առանձին ֆակուլտետներով: Հանդիպումների նպատակն էր ուսանողների հետ քննարկել արդյունքները, լսել նրանց կարծիքները ստուգման անցկացման ձևի, ժամանակի, բովանդակության և ընդհանրապես նրա կարևորության վերաբերյալ:
Հետաքրքիր էին նաև ուսանողների դիտարկումները տարբերակների բովանդակության, դրանց մեջ առկա հարցերի և խնդիրների վերաբերյալ: Օրինակ՝ Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներն առաջարկեցին թեստերում ընդգրկել մի քանի դասընթացների թեմաներ, և լինեն միայն ընդհանրացնող և եզրահանգող հարցեր՝ առանց կոնկրետ բանաձևերի և մանրամասն տվյալների:
Եղան բազմաթիվ առաջարկներ մնացորդային գիտելիքի ստուգման անցկացման ժամկետի վերաբերյալ: Ուսանողներն առաջարկեցին մնացորդային գիտելիքի ստուգում անցկացնել 2-րդ կամ 3-րդ կուրսերում դասընթացը կամ մոդուլը ավարտելուց հետո՝ 1-2 ամսվա ընթացքում:
Ուսանողներին ներկայացվեց գերմանացի հոգեբան Հերման Էբբինհաուզի «մոռացման կորը», որը նա ստացել է 1885 թվականին մարդու հիշողության փորձարարական ուսումնասիրությաների հետևանքով: Ուսանողներին բացատրվեց այդ կորը և ներկայացվեց դրա եզրակացությունը, այն է՝ արդյունավետ հիշելու համար անհրաժեշտ է կրկնել անցած նյութը:
Այդ հանդիպումները բավականին հետաքրքիր էին և բովանդակալից, հատկապես տպավորիչ էր ուսանողների ակտիվ մասնակցությունը, և ոգևորիչ էր տեսակետ արտահայտելու նրանց պատրաստակամությունը: Ուշագրավ է, որ մնացորդային գիտելիքի ստուգում անցկացնելը, ուսանողների կարծիքով, կարևոր է, և այն պետք է դարձնել մշտապես իրականացվող գործընթաց:
Հանդիպումների վերջում ՄԿՈԱ բաժնի աշխատակիցները դեկաններին, ամբիոնների վարիչներին և կրթական ծրագրերի ղեկավարներին առաջարկեցին կազմակերպել հանդիպումներ ուսանողների ու դասախոսների հետ և ՄԿՈԱ բաժին ներկայացնել հետագայում մնացորդային գիտելիքի ստուգման կազմակերպման ձևի, դասընթացների, պարբերականության, գնահատման և տարբերակների բովանդակության վերաբերյալ իրենց առաջարկները: