- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների համար իրականացվում է «Աշխատանք վիրտուալ կրթական միջավայրում» որակավորման բարձրացման դասընթացը
2018-2019 ուստարվա երկրորդ կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ում իրականացվում է մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ» մոդուլում ներառված «Աշխատանք վիրտուալ կրթական միջավայրում» դասընթացը, որը վարում է բուհի աշխատակից Աննա Մանուչարյանը:
Դասընթացում ընդգրկված են մասնաճյուղի 14 դասախոսներ:
«Աշխատանք վիրտուալ կրթական միջավայրում» դասընթացի նպատակն է ունկնդիր դասախոսներին ծանոթացնել առցանց ուսուցման Մուդլ (Moodle) համակարգին, գիտելիքները էլեկտրոնային տիրույթում ներկայացնելու եղանակներին և վիրտուալ տիրույթում ուսանող-ուսանող և դասախոս-ուսանող փոխգործակցության կանոններին:
Համակարգ մուտք գործող ուսանողը կարող է ամբողջական տեղեկատվություն ստանալ դասընթացի ընդհանուր նկարագրի, անհրաժեշտ գրականության մասին, տրված առաջադրանքների և դրանց կատարման համար սահմանված ժամկետների վերաբերյալ:
Moodle համակարգը հեշտացնում է ուսանողների հետ աշխատանքը, քանի որ այդտեղ հստակ երևում է յուրաքանչյուրի անհատական աշխատանքը: Բացի այդ, հարթակում ուսանողները հնարավորություն են ունենում հարցեր առաջադրելու դասախոսին և ստանալու դրանց պատասխանները, կազմակերպելու քննարկումներ իրար միջև:
Դասընթացի ավարտին ունկնդիր դասախոսները կկարողանան առցանց ուսուցման համակարգում ստեղծել տարբեր տիպի ուսումնական ռեսուրսներ, վերահսկել ուսանողների աշխատանքը համակարգում, ունենալ առցանց ուսուցման համակարգում աշխատելու կարողություն, նախագծել ամբողջական էլեկտրոնային դասընթաց: