- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակությունը Ֆրանսիայից վերադարձավ Հայաստան
2019թ. ապրիլի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետության Վալանս քաղաքից վերադարձավ Իջևան:
Հիշեցնենք, որ «Հայ մշակութային ժառանգություն և ընկերներ» ասոցիացիայի հրավերով ԵՊՀ ԻՄ-ի մի քանի ուսանողներ («ՖԼԳ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհիներ Էմմա Շահնազարյանը, Լուարա Գևորգյանը, Լուսյա Ղալթախչյանը, «ՖԼԳ» 3-րդ կուրսի ուսանողուհի Հրանուշ Դավթյանը և «Սերվիս» 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Մելիքսեթյանը) Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ասիստենտ Աիդա Մարդանյանի ղեկավարությամբ ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում Վալանսի «Մաեստրիս» համալսարանում անցան վերապատրստման դասընթացներ՝ կատարելագործելով ֆրանսերենի իրենց իմացությունը։
Դասընթացները կազմակերպված էին ամենաբարձր մակարդակով, ուսանողներն ակտիվորեն ներգրավված էին ուսումնական պրոցեսում, որի շնորհիվ զարգացրին իրենց մասնագիտական գիտելիքները և հմտությունները, իսկ վերջում ստացան հավաստագրեր:
Այցի համար նախատեսված ծրագիրը բաղկացած էր կրթական և մշակութային մասերից: Վերջինիս շրջանակներում ուսանողները Գոհար Դանսետ Համզյանի և Սիլվի Բոչյան-Բասմաչյանի ուղեկցությամբ այցելեցին Մարսել և տեսան այդ հնամենի քաղաքի տեսարժան վայրերը:
Մարտի 29-31-ը այցելեցին Փարիզ. երեք օր շրջեցին Լուվրում, Մոնմարտրում, Ելիսեյան պողոտայում, Կոնկորդ հրապարակում, Լյուքսեմբուրգյան այգում, զմայլվեցին Էյֆելյան աշտարակով և Փարիզի Աստվածամոր տաճարով:
Խումբը վերադարձավ Հայաստան անմոռանալի տպավորություններով, հյուրընկալ ընտանիքների և բոլոր աջակիցների նկատմամբ երախտագիտության մեծ զգացումով:
Հաջորդ այցը կկայանա 2020 թվականի մարտին: