- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Ամենախելացին» ուսանողական ինտելեկտուալ խաղում հաղթեց «Սերվիս» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Ղուշչյանը
2019թ. մայիսի 14-ին ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ նախաձեռնությամբ մասնաճյուղում առաջին անգամ կայացավ «Ամենախելացին» ուսանողական ինտելեկտուալ խաղը, որին մասնակցում էին 10 ուսանող՝ մասնաճյուղի բոլոր ֆակուլտետներից։
Խաղը վարեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Ներսիսյանը։
Խաղի առաջին փուլն անցկացվեց բջջային հատուկ հավելվածի՝ Quizizz-ի օգնությամբ, տրվեց ընդհանուր զարգացվածությունն ստուգող 10 հարց, ընդ որում՝ մասնակիցները լրացուցիչ միավորներ էին վաստակում նաև հարցերին արագ պաասխանելու համար։ Առավելագույն միավոր հավաքած 5 ուսանողները հնարավորություն ստացան խաղը շարունակել երկրորդ փուլում։
Երկրորդ և երրորդ փուլերի համար «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արայիկ Շահնազարյանը HTML, CSS և JavaScript լեզուների միջոցով ստեղծել էր համակարգչային հատուկ ծրագիր, որն էլ խաղի 2-րդ և 3-րդ փուլերը հնարավորինս մոտեցնում էր հեռուստախաղի ձևաչափին։
Երկրորդ փուլում մասնակիցները 10 թեմայից ընտրեցին երկուական թեմա, այնուհետև փորձեցին պատասխանել թեմայի հարցերին 1 րոպեի ընթացքում։ Լարված մրցակցության պայմաններում 2-րդ փուլը հաղթահարեցին «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Մհեր Ղալումյանը (3-րդ փուլի համար ընտրված թեման՝ Միխայիլ Տալ), «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Մարգարիտ Թամրազյանը (3-րդ փուլի համար ընտրված թեման՝ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյան) և «Սերվիս» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Ղուշչյանը (3-րդ փուլի համար ընտրված թեման՝ Ջեյմս Քեմերոն)։
Թեժ պայքար ծավալվեց նաև 3-րդ փուլում։ Մասնակիցները պետք է պատասխանեին իրենց կողմից նախօրոք ընտրված թեմային վերաբերող հարցերին։
Առավելագույն միավորներ վաստակելով՝ «Ամենախելացին» խաղի հաղթող ճանաչվեց Տիգրան Ղուշչյանը:
ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, ողջունելով և խրախուսելով ուսանողների նախաձեռնությունը, շնորհավորեց ուսանողական ինտելեկտուալ խաղի բոլոր հաղթողներին և նրանց անձամբ հանձնեց պատվոգրերը:
Խաղի հաղթող Տիգրան Ղուշչյանը տնօրենության կողմից պարգևատրվեց մեդալով, պատվոգրով և հուշանվերով:
Պատվոգրերով պարգևատրվեցին Մհեր Ղալումյանը և Մարգարիտ Թամրազյանը, ովքեր զբաղեցրել էին համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները։
Ինտելեկտուալ խաղի մյուս 7 մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր, իսկ խաղում մեծ օգնություն ցուցաբերելու համար շնորհակալագրեր տրվեցին դասախոսներ Նաթելլա Գրիգորյանին, Արա Ազատյանին, Վլադիմիր Պողոսյանին, Ալիսա Հասանյանին, Ռոբերտ Յոլչյանին և ուսանողներ Լիանա Ներսիսյանին, Արգիշտի Մարգարյանին։ Արայիկ Շահնազարյանը խաղում անգնահատելի ներդրում ունենալու համար պարգևատրվեց խրախուսական հուշանվերով և պատվոգրով։
Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: