- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Շնորհավո՜ր հարյուրամյակդ, սիրելի՛ Մայր բուհ՝ Երևանի պետական համալսարան
2019թ. մայիսի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված դաս-քննարկում, որը կազմակերպել էին Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսներ պ.գ.թ., դոցենտ Նաթելլա Գրիգորյանը և ասիստենտ Արա Ազատյանը՝ «Պատմություն» մասնագիտության ուսանողների հետ համատեղ:
Դաս-քննարկմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար բ.գ.թ., դոցենտ Կ.Պողոսյանը, փոխդեկան բ.գ.թ., դոցենտ Վ.Աղաբաբյանը, ամբիոնի դասախոսներ Ա.Մատինյանը, Ա.Մկրտումյանը, ուսանողներ, հյուրեր:
Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսները հանդես եկան բացման խոսքով՝ ընդգծելով, որ ԵՊՀ-ի հիմնադրումը շրջադարձային իրադարձություն էր ՀՀ կրթամշակութային կյանքում. «Անշուշտ մեծ է եղել համալսարանի դերը հայոց պետականության և մշակույթի զարգացման գործում: Ներքին և արտաքին լարված իրավիճակում գոյատևող Առաջին հանրապետության նախարարների խորհուրդը 1919թ. մայիսի 16-ին Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց, իսկ 1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի առևտրական դպրոցում մեծ հանդիսավորությամբ բացվեց համալսարանը. շենքային պայմանների անհարմարավետության պատճառով մեկ կիսամյակ ուսումնական պարապմունքներն իրականացնելուց հետո այն տեղափոխվեց Երևան»:
Դաս-քննարկման ընթացքում ընդհանուր գծերով ներկայացվեցին ԵՊՀ հիմնադրման պատմությունը, ԵՊՀ պատմաբան ռեկտորների (մասնավորապես՝ Հակոբ Մանանդյանի, Մկրտիչ Ներսիսյանի, Արամ Սիմոնյանի) ծավալած գործունեությունը, Պատմության ֆակուլտետի ունեցած տեղն ու դերը համալսարանի կյանքում, ԵՊՀ թանգարանի դերը, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հիմնումը և ծավալած գիտական գործունեությունը:
Այս թեմաների շուրջ զեկուցումներ ներկայացրին «Պատմություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողներ Մհեր Ղալումյանը, Լարիդա Ղազումյանը, Դիանա Սայանը, Շիրակ Գասպարյանը, Դիանա Յարալյանը և Իննա Մխիթարյանը:
Այնուհետև տեղի ունեցավ բուռն քննարկում:
Հնչեցին փոխադարձ շնորհավորանքներ: Դասի մասնակիցները վստահեցրին բարձր պահել համալսարանականի վեհ անունը:
Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն: