- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ճանաչողական այցերով հարուստ էր «Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների ուսումնական պրակտիկան
2018-2019 ուստարվա II կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները պրակտիկայի ղեկավարներ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտներ Ալինա Ուլիխանյանի և Լևոն Լաչիկյանի ուղեկցությամբ ճանաչողական այցեր կատարեցին ՀՀ մի քանի մարզերի և Երևանի տարբեր վայրեր (պատմամշակութային օբյեկտներ` եկեղեցիներ, վանքեր, թանգարաններ, բնական հուշարձաններ, զբոսաշրջային ինդուստրիան սպասարկող կազմակերպություններ՝ հյուրանոցներ, զբոսաշրջային ընկերություններ, սննդի օբյեկտներ և այլն):
Ուսումնական պրակտիկայի ընթացքում ուսանողներն այցելեցին մասնավորապես Իջևանի, Դիլիջանի, Գյումրու, Էջմիածնի և Երևանի զբոսաշրջային տարբեր դեստինացիաներ: Նրանք նախ եղան Իջևան ու Դիլիջան քաղաքների թանգարաններում, հյուրանոցներում ու հյուրատներում, Հաղարծին վանական համալիրում, այնուհետև այցելեցին այլ մարզեր:
Ուսանողների համար հատկապես հետաքրքիր էր Շիրակի մարզկենտրոն Գյումրի կատարած այցելությունը: Նրանք շատ էին լսել ոչ սովորական ու խիստ հայկական այդ քաղաքի մասին, և այժմ ժամանակն էր համոզվելու դրանում: Ուսանողները ոտքով շրջեցին քաղաքի փողոցներով ու հրապարակներով, ծանոթացան պատմամշակութային կոթողներին, ապա այցելեցին Ավ. Իսահակյանի և Հովհ. Շիրազի տուն-թանգարաններ:
Պրակտիկայի շրջանակներում հերթական շրջագայությունն իրականացվեց Իջևան–Երևան–Էջմիածին–Զվարթնոց–Երևան–Իջևան երթուղով: Ուսանողները ծանոթացան Էջմիածնի և Երևանի զբոսաշրջային ռեսուրսներին, ինչպես նաև մասնակցեցին «Զվարթնոց» տաճարի տարածքում անցկացվող Տոլմայի փառատոնին, որը վերջին տարիներին Հայաստանում արագ զարգացող իրադարձային զբոսաշրջության միջոցառումներից է:
«Զբոսաշրջություն» մասնագիտության ուսումնական պրակտիկան ուսանողներին հնարավորություն ընձեռեց կատարելու ինքնուրույն հետազոտական աշխատանքներ և առաջադրանքներ, հավաքագրելու, դասակարգելու, վերլուծելու, համադրելու և գնահատելու պրակտիկայի օբյեկտներին վերաբերող մասնագիտական տեղեկույթը, նպաստեց սեփական երկրի զբոսաշրջային ռեսուրսների, սպասարկման ոլորտի, մշակույթի, պատմության, աշխարհագրության ավելի խորը ճանաչմանը: