- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Իմ Թումանյանը» խորագրով ստեղծագործական շարադրությունների համահամալսարանական մրցույթի հաղթողները պարգևատրվեցին
2019թ. մայիսի 31-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.Աիդա Սարհատյանի նախաձեռնած՝ «Իմ Թումանյանը» խորագրով ստեղծագործական շարադրությունների համահամալսարանական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր մասնագիտությունների ուսանողներ:
Բացման խոսքով հանդես եկավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., Ա.Սարհատյանը՝ մասնավորապես նշելով. «Թումանյանը բոլոր հայերինն է ու նաև մերը ՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսներինս ու մեր ուսանողներինը, որ Թումանյանական տարին՝ 2019-ը, դիմավորում ու անցկացնում ենք անհուն սիրով... մասնաճյուղում փայլուն կերպով կազմակերպված «Թումանյան-150» գիտաժողովին գումարվեց նաև «Իմ Թումանյանը» խորագրով համահամալսարանական մրցույթը, որին արձագանքեցին մեր շատ ուսանողներ ու ներկայացրին խրախուսանքի արժանի աշխատանքներ, որոնցում նրանք մե՛րթ Թումանյանի հեքիաթների աշխարհում ապրող անհոգ մանուկներ էին, մե՛րթ հասուն, երազկոտ պարմանուհիներ՝ արդեն քաջածանոթ Անուշին ու Սարոյին, անբախտ Մարոյին, սիրո անշեջ հուր երազող դստերը Փարվանա, 12-ամյա Գիքորին ու մյուս հերոսներին, ողբերգություն ծնող ադաթներին ու բարքերին, հանճարեղ քառյակների խորհուրդներին...»:
Մրցույթին ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման համակարգերի տարբեր մասնագիտությունների ուսանողների կողմից ներկայացվել էին մի քանի տասնյակ շարադրություններ, որոնք քննարկվել էին ամբիոնում, և ընտրվել էր 5 լավագույն աշխատանք:
Տիկին Սարհատյանը, նշելով, որ Ամենայն հայոց բանաստեղծի մասին սիրով լի սրտառուչ, ջերմ խոսք էին գրել Գոհար Մխիթարյանը, Արփինե Բեգինյանը («ՀԼԳ» 2-րդ կուրս), Վանուհի Հարությունյանը, Աշխեն Վիրաբյանը («ՏՄՄ» 3-րդ կուրս), հեռակա ուսուցման համակարգի ուսանողուհի Հասմիկ Գիշյանը և ուրիշներ, ներկայացրեց մի քանի գողտրիկ պատառիկներ այդ աշխատանքներից.
«...Ես մեծացա Թումանյանի հետ՝ կրծքիս սեղմած նախ հեքիաթների՝ տատիկիս նվիրած կապույտ ժողովածուն, արցունքներիցս խոնավացած «Գիքորը», «Անուշը», ապա անմահ քառյակները... Իմ սիրելի՛ Թումանյան, ես մեծացա քո՛ երգած կանաչ սարերում, քո՛ աղբյուրի քչքչոցի մեղմ օրորի տակ, քո՛ Լոռվա ձորերի կիրճերի խորությունն զգալով... Ես՝ քո հազարավոր ծոռնուհիներից մեկը, շնորհակալ եմ ինձ պարգևած թախիծով, արցունքով, երազանքով ու սիրով լի անմոռաց պահերի համար, քո արևոտ ժպիտի և աշխարհին ու մարդկանց արևի պես նայելու իմաստուն խորհրդիդ համար...» (Գոհար Մխիթարյան):
«...Դու ուղեկցել ես ինձ իմ ապրած բոլոր տարիներին ու օգնել հասկանալու՝ ինչ է կարոտը, վիշտը, մարդու ու մի ողջ ժողովրդի ցավն ու երազանքը, խորունկ, անափ, սերը, սիրած էակին կորցնելը... Քո խոսքի պարզությունը՝ իր նմանը չունեցող, քո սերը ժողովրդիդ հանդեպ՝ ծովածավալ, քո վիշտը՝ անհատակ, քո երգերը՝ հայոց բիբլիական լեռներում ստեղծված հոգևոր գանձեր...» (Վանուհի Հարությունյան):
Ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա. Վ. Ցուցուլյանը՝ ողջունելով Հայոց լեզվի և գրականության ամբիոնի հերթական գեղեցիկ նախաձեռնությունը, ընդգծելով նման միջոցառումների կարևորությունը, նրանց ունեցած մեծ նշանակությունը, շնորհավորելով մրցույթի հաղթողներին և մրցանակային տեղեր գրաված ուսանողներին հանձնելով նվերներ՝ գրքերի տեսքով:
Վերջում ելույթ ունեցավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Վ. Վ. Ավագյանը՝ իր գոհունակությունը հայտնելով մրցույթի նախաձեռնող տիկին Սարհատյանին և մասնակիցներին՝ ստեղծագործական մեծ ներշնչանքով գրված ջերմ ու անմիջական շարադրությունների համար, շնորհակալություն հայտնելով տնօրենությանը՝ մշտական աջակցության համար և հավաստիացնելով, որ նման միջոցառումներ հաճախակի կկազմակերպվեն ամբիոնի կողմից: