- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ «Առարկայական ծրագրեր մշակելու ABC մոտեցում» թեմայով վերապատրաստման դասընթացը
2019թ. հունիսի 18-ին և 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Առարկայական ծրագրեր մշակելու ABC մոտեցում» թեմայով վերապատրաստման դասընթացը, որը վարեց ԵՊՀ փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի ասիստենտ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Վերապատրաստման դասընթացին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։
Դասընթացի նպատակը դասընթացի ծրագիր կազմելու ABC մոտեցման ներկայացումը և դասընթացի պլանավորման գործընթացում մեթոդների դերի կարևորումն էր։
Նախ ուսուցման արդյունավետ մեթոդների շուրջ ծավալվեց քննարկում, այնուհետև դասընթացի մասնակիցներին ներկայացվեցին սովորելու՝ գիտականորեն հիմնավորված սկզբունքները։
«Բարձրագույն կրթության զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկը դասավանդման գործընթացի բարելավումն է, իսկ դասավանդման գործընթացի հաջողության գրավականներից մեկը դասընթացի արդյունավետ պլանավորումն է։ Այնինչ դասընթացի պլանավորման ժամանակ մենք հաճախ կարևորում ենք միայն թեմաների թվարկումը և ըստ դասաժամերի դրանց բաշխումը», - նշեց պարոն Խաչատրյանը։
Ս.Խաչատրյանը ներկայացրեց դասընթացի պլանավորման ամբողջական մոդել, որում կարևորվում էին դասընթացի նպատակների, թեմաների, դասավանդման մեթոդների ու գնահատման ձևերի ներդաշնակեցումը, և այդ համատեքստում շեշտը դրվեց դասընթացի պլանավորման մեթոդների հատվածին առնչվող ABC մոտեցման վրա:
Մասնակիցները դասընթացի պլանավորման նոր մոտեցումը դիտարկեցին իրենց դասընթացների օրինակով, ներկայացրին իրենց դրական փորձը:
«Առարկայական ծրագրեր մշակելու ABC մոտեցում» թեմայով վերապատրաստման դասընթացն անցկացվեց հետաքրքիր քննարկումներով հագեցած մթնոլորտում։