- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Հուլիսի 5-ը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նաև պետական խորհրդանշանների օրն է
1991թ. ՀՀ անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ Սահմանադրության ընդունումը։ Նոր Սահմանադրությունն ընդունվեց 1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ ՀՀ Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։
Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա: 2001թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։
2005-ին և 2015-ին համաժողովրդական հանրաքվեով Սահմանադրության մեջ կատարվեցին փոփոխություններ. 2005թ. փոփոխություններն ուղղված էին խորհրդարանի լիազորությունների ընդլայնմանը, 2015թ. փոփոխություններով Հայաստանի Հանրապետությունը անցում կատարեց կիսանախագահականից խորհրդարական կառավարման մոդելի։
Նշենք նաև, որ հուլիսի 5-ը ոչ աշխատանքային օր է:
Հուլիսի 5-ին նշվում է նաև պետական խորհրդանշանների օրը: Պետական խորհրդանշաններն են՝ դրոշը, զինանշանը և օրհներգը: Հայաստանի դրոշի պատմությունը սկսվում է 1918 թվականի մայիսի 28-ից, երբ ձևավորվեց Հայաստանի առաջին հանրապետությունը: Հայաստանի ազգային խորհուրդը սկսեց քննարկել պետական դրոշի հարցը: Այդ ժամանակ ՀԽՍՀ ապագա ակադեմիկոս Ստեփան Մալխասյանի ելույթից հետո՝ 1919թ. հունիսին, կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշն ընդունելու մասին որոշում կայացվեց: Կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը՝ հարատևման, քրիստոնեական հավատի, Հայաստանի անկախության և ազատության համար, կապույտը՝ ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո, նարնջագույնը՝ հայ ժողովրդի արարչական տաղանդն ու աշխատասիրությունը: Տարիներ անց՝ 1990թ. օգոստոսի 24-ին «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքով հաստատվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշը. այն 1919թ. եռագույնի օրինակով վերականգնված դրոշն էր` պաստառ, որը բաղկացած էր երեք, միմյանց հավասար հորիզոնական շերտերից` կարմիր, կապույտ և նարնջագույն (ծիրանագույն):
Ինչպես դրոշը, այնպես էլ Առաջին հանրապետության զինանշանը «ՀՀ պետական զինանշանի մասին» օրենքով դարձավ արդեն Հայաստանի Հանրապետության զինանշանը: Հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի 4 թագավորությունների՝ Բագրատունիների, Արշակունիների, Արտաշեսյանների, Ռուբինյանների զինանշանները: Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա ու ժապավեն:
Պետական օրհներգը հանդիսավոր երաժշտական ստեղծագործություն է: Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի՝ 1991թ. հունիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի առաջին հանրապետության օրհներգը` «Մեր հայրենիք»: «ՀՀ պետական օրհներգի մասին» ՀՀ օրենքով 2006 թվականին այն դարձավ Հայաստանի Հանրապետության օրհներգը: Խոսքերի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանը:
Պետական օրհներգը պարտադիր հնչում է պաշտոնական հանդիսությունների ժամանակ պետական դրոշը բարձրացնելիս, նորընտիր նախագահի երդման արարողության, Ազգային ժողովի նստաշրջանների, հանրապետությունում անցկացվող զորահանդեսների, միջազգային և համապետական մարզական մրցումների պաշտոնական բացման ու փակման, միջազգային մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունների ժամանակ, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում: