- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018-19 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը
2019թ. հուլիսի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ 2018-19 ուստարվա 377 (առկա ուսուցման 154 և հեռակա ուսուցման 223) շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը՝ սպասված տոն, որին մասնակցում էին պատվավոր հյուրեր, հանրապետության և մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, համալսարանականներ՝ վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, արտաքին շահակիցներ:
Տոնական միջոցառումն ուղեկցվեց ԵՊՀ ԻՄ-ի բակում Կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների ինքնատիպ աշխատանքների ցուցահանդեսով:
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով:
2019թ. շրջանավարտներին շնորհավորեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը՝ մասնավորապես նշելով.
«Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, զորամասի հրամանատարական հարգարժան կազմ՝ հրամանատարի գլխավորությամբ, Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ, հարգարժան հյուրեր, տնօրեններ, ուսանողներ, համալսարանականներ, ծնողներ, ողջունում եմ բոլորիդ: Մենք՝ համալսարանականներս, այս տարի առանձնակի հպարտություն ենք ապրում, որովհետև, բոլորդ գիտեք, որ այս տարի նշվում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանը: Շուտով կլրանա նաև մասնաճյուղի՝ նրա միակ մասնաճյուղի հիմնադրման 25-ամյա հոբելյանը: Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը աշխատել և աշխատում է կրթության որակի բարձրացման վրա և շարունակելու է աշխատել՝ տալով անհրաժեշտ գիտելիքներ, աշխարհայացք, մտահորիզոն, ապրելու և արարելու ձև իր բոլոր շրջանավարտներին:
Սիրելի՛ շրջանավարտներ, ԵՊՀ ԻՄ-ում դուք ստացել եք բազային անհրաժեշտ գիտելիքներ, և այս կրթության հիման վրա, որտեղ որ դուք ունեք տեսական և գործնական հմտություններ, ես վստահ եմ, որ դուք հաջողելու եք, դրա համար ես ձեզ մաղթում եմ եռանդ, կամք և կորով: Եվ կուզեմ, որ կյանքում դուք ունենաք մեծագույն հաջողություններ, որովհետև այլևս դուք Երևանի պետական համալսարանի գաղափարախոսության, լույսի կրողներն եք մեր հասարակության մեջ: Ես կուզեմ, որ ձեր կրթությունը օգնի ձեզ բարեկեցիկ կյանք կառուցելու ասպարեզում, և դրանով է՛լ ավելի բարձրացնեք Երևանի պետական համալսարանի և նրա միակ մասնաճյուղի հեղինակությունը: Մենք միասին չորս-հինգ տարի աշխատել ենք, այդ ճանապարհին եղել են հաջողություններ, կորուստներ, վշտեր, անարդարություններ, բայց ես կուզեմ, որ մեր բոլոր շրջանավարտները մեկ-երկու դրվագները չհիշեն և գեներացնեն: Ես կուզեմ, որ նրանք հիշեն այն հրաշալի ապրումները, այն գիտելիքը, այն լույսը, որը ստացել են Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում և հեռացնեն, վանեն իրենցից այն վատը, ինչ որ կա մեր շրջապատում: Հետագան ձերն է լինելու, և դուք հետագա արարողն եք լինելու. այն, ինչ լավն եք տեսել ԵՊՀ ԻՄ-ում, եղեք նրա շարունակողը, զարգացնողը, կրողը, իսկ այն, ինչ կգտնեք, որ անարդար ու վատ է, փորձեք ձեր շրջապատում այլևս չունենալ: Ես ձեզ հաջողություն և բարի երթ եմ մաղթում, սիրելի՛ շրջանավարտներ: Շատ ուրախ եմ ձեզ շնորհավորելու և հատկապես ձեր ծնողներին, որոնք ամեն ինչ արել են, որ դուք ստանաք այս անհրաժեշտ կրթությունը: Շնորհավո՜ր, սիրելի՛ շրջանավարտներ»:
Օրհնության խոսքով ու Տերունական աղոթքով հանդես եկավ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նա մասնավորապես նշեց. «...Մեծ սրտով և ուրախությամբ ուզում եմ շնորհավորել մեր համալսարանին, որովհետև, ինչպես մշտապես ասել եմ, սա մի ամրոց է և դարբնոց է մեր տարածաշրջանում, ինչպես Տավուշ աշխարհը հայրենիքի, մեր պետականության դարպասն է, այնպես էլ այս համալսարանը, գտնվելով խորհրդանշական այս չքնաղ վայրում՝ մեր աշխարհում, նաև մեր կրթության, մեր ազատագրության, մեր հոգևոր-մշակութային մարդակերտումի կարևորագույն դարպասն ու ամրոցն է: Ես շնորհավորում եմ բոլոր ավարտողներին, պարոն Ցուցուլյանն ասաց, որ մոտ 380 հոգի է այսօր կյանք մեկնում: Հուսամ, որ 380 ուղղություններով դուք մեծապես ներդրում կունենաք մեր ժողովրդի կյանքում (դա կլինի Տավուշում, թե թունելից այն կողմ), ներդրում ունենալով՝ կփոխեք կյանքը, ձեր հմտություններով, ձեր վաստակած գիտելիքներով, ձեր ներկայությամբ, ձեր մարդկային տեսակով և որակներով կյանքին նոր որակ և համ կփոխանցեք: Շնորհավորում եմ մեր համալսարանի տեսչությանը, պարո՛ն Ցուցուլյան, Ձեզ և Ձեր շուրջը գտնվող բոլոր գործակիցներին, շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին, շնորհավորում եմ վերստին մեր ավարտողներին և ձեր ծնողներին, ընտանիքներին և բոլորիս: Աստված օրհնի ձեր ընթացքը: Կեցցե՛ մեր համալսարանը, կեցցե՛ Իջևանի (ինչպես միշտ ասում եմ՝ անձնականացված ԻՄ) մասնաճյուղը, մեր ժողովուրդը, Տավուշ աշխարհը, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Շնորհավո՛ր բոլորիդ»:
Ապա հնչեց սիրելի Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի հիմնը, որին հաջորդեց Տավուշի հիմնը (խոսքը և երաժշտությունը՝ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի)՝ Տավուշի թեմի երգչախմբի կատարմամբ:
ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտներին շնորհավորեց և բարեմաղթանքներ հղեց ԵՊՀ գիտքարտուղար Լևոն Հովսեփյանը. «Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր, հիրավի, չափազանց կարևոր և հիշարժան օր է ձեր կյանքում. դուք կատարեցիք ձեր կյանքի կարևոր քայլերից մեկը՝ արդեն իսկ դառնալով, հանդիսանալով համալսարանական: Համալսարանական լինելը, համալսարանականի կոչումը կրելը ոչ միայն պատիվ է, այլև պատասխանատվություն, պատասխանատվություն ձեր շրջապատի առջև, մեր ժողովրդի և հանրության, մեր պետության առջև, ուստի ձեր հետագա աշխատանքային, մասնագիտական գործունեության մեջ դուք պետք է ձգտեք անել առավելագույնը մեր պետության զարգացման, բարօրության համար: ... Մենք հուսով ենք, որ դեռևս ձեր կարևոր հաջողությունների, ձեռքբերումներ և նվաճումների ականատեսը կլինենք և առիթներ կունենանք ձեզ շնորհավորելու և մաղթանքներ հղելու: Երևանի պետական համալսարանի 100-ամյա հոբելյանական տարեդարձի շրջանակում դուք ստանում եք ձեր ավարտական վկայագրերը. սա չափազանց կարևոր, հիշարժան և խորհրդանշական է... ԵՊՀ-ի ղեկավարության` ռեկտորատի անունից շնորհավորում եմ այս կարևոր և հիշարժան օրվա կապակցությամբ՝ մաղթելով ձեզ բարի երթ, կարևոր ձեռքբերումներ, նվաճումներ և հաղթանակներ՝ ի շահ մեր ժողովրդի և մեր պետության»:
Շնորհավորական խոսքով հանդես եկան Իջևանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Լիլիթ Ղալումյանը, «Տավուշ» հայրենակցական միության նախագահ, մ.գ.թ., պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանը, գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը, Իջևանի զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Նվեր Մանգասարյանը, հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի այս տարվա շրջանավարտ, «ԵՊՀ լավագույն ուսանող-2019» մրցույթի հաղթող Սյուզաննա Շահնազարյանը և ուրիշներ:
Ելույթներն ընդմիջարկվեցին մասնաճյուղի ուսանողների երաժշտական գեղեցիկ կատարումներով:
Այնուհետև ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը մասնաճյուղի` 2018-2019 ուստարվա գործունեությանը մեծապես աջակցելու, բուհում տարբեր թեմաներով հետաքրքիր և ուսանելի դասընթացներ վարելու համար շնորհակալագրեր հանձնեց ՀՀ և Տավուշի մարզի տարբեր ոլորտների մի շարք ներկայացուցիչների:
Շնորհակալագրերից հետո տեղի ունեցավ 2019թ. շրջանավարտների դիպլոմների հանդիսավոր հանձնումը:
Նախ գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներին պարոն Ցուցուլյանը հանձնեց կարմիր դիպլոմները, ապա բուհի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, ըստ ֆակուլտետների և մասնագիտությունների, դիպլոմները հանձնեցին առկա և հեռակա ուսուցման մյուս շրջանավարտներին:
Տոնական միջոցառումը շարունակվեց Տավշո գեղատեսիլ բնության գրկում՝ Ենոքավանի «Ապագա տուր» հյուրանոցային համալիրի տարածքում կազմակերպված երաժշտական-պարային երեկույթով և հյուրասիրությամբ: