- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Անձի զարգացման համընդհանուր հմտությունները` որպես աշխատաշուկայում երիտասարդների մրցունակ լինելու գրավական» խորագրով աշխատաժողով
2019թ. օգոստոսի 27-ին «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020 թթ.) շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Անձի զարգացման համընդհանուր հմտությունները` որպես աշխատաշուկայում երիտասարդների մրցունակ լինելու գրավական» խորագրով աշխատաժողով, որը կազմակերպվել էր «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ «ՕքսԵՋեն» երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի և ԵՊՀ ԻՄ-ի հետ համագործակցությամբ:
Աշխատաժողովին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, «ՕքսԵՋեն» հիմնադրամի ներկայացուցիչներ, ԵՊՀ ԻՄ-ի վարչական անձնակազմի անդամներ, ուսանողներ, մարզի գործատուներ և երիտասարդներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, «ՕքսԵՋեն» հիմնադրամի EU4Y ծրագրի համակարգող Զարուհի Տոնոյանը, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության՝ շահերի պաշտպանության փորձագետ Լիլիթ Չիտչյանը, ՀՀ Տավուշի մարզպետարանի՝ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ԺՊ Մանե Ղազումյանը:
Կարևորելով նման աշխատաժողովի անցկացումը՝ Ա. Վ. Ցուցուլյանը մասնավորապես նշեց. «Շատ հաճախ բավականին խելացի, զարգացած, լավ սովորած երիտասարդը անգլերենով ազատ հաղորդակցման հմտությունների բացակայության կամ համակարգչային որոշակի ծրագրերի իմացության բացակայության պատճառով մրցունակ չէ աշխատաշուկայում: Այնինչ նախաձեռնողականությունը, կամավորությունը, ինքնազարգացման մոտիվացիան խնդիրներ են, որոնք կրթության ընթացքում չէ որ միայն պետք է տալ... Շատ կարևորում եմ ձեր դերը, իսկապես շատ կարևոր և անհրաժեշտ գործ եք անում... Այս պահին մասնաճյուղն իրականացնում է առկա ուսուցման 13 կրթական ծրագիր. կարելի է վերցնել թիրախային կոնկրետ մեկ կամ երկու կրթական ծրագիր, փորձել հասկանալ դժվարությունները, խնդիրները և լուծել դրանք...»:
Զարուհի Տոնոյանը շնորհակալություն հայտնեց պարոն Ցուցուլյանին և իր գոհունակությունը հայտնեց, որ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակությանը վերաբերող խնդիրների մասին խոսում է հենց բուհի ներկայացուցիչը՝ կարևորելով ոչ ֆորմալ կրթության և համընդհանուր հմտությունների դերը:
Ողջունելով նմանատիպ նախաձեռնությունները՝ Մանե Ղազումյանը ևս կարևորեց ոչ ֆորմալ կրթության դերը երիտասարդների՝ հետագա աշխատանք ձեռք բերելու գործում և հույս հայտնեց, որ այդպիսի հանդիպումները նաև հիմք կհանդիսանան, որ իրենք առաջարկություններ ներկայացնեն համապատասխան կառույցներին՝ հետագայում ոչ ֆորմալ կրթության տարրերը կրթության պետական մակարդակում ներդնելու համար:
Աշխատաժողովի ընթացքում բանախոսեցին «Անձի զարգացման համընդհանուր հմտություններ» դասընթացի մասնակիցները և գործատուներ, կատարվեց քննարկում հարց ու պատասխանի ձևով:
Այնուհետև աշխատաժողովի պատասխանատուները, մասնակիցներին բաժանելով երեք խմբի (Խումբ մեկ՝ Կրթության ոլորտի ներկայացուցիչներ-մասնավոր հատված-երիտասարդներ, Խումբ երկու՝ ՔՀԿ ներկայացուցիչներ-մասնավոր հատված-երիտասարդներ, Խումբ երեք՝ պետական հատված-մասնավոր հատված-երիտասարդներ), նրանց հետ իրականացրին թեմատիկ աշխատանքներ (երիտասարդները և աշխատաշուկան. խոչընդոտներ, ձեռքբերումներ):
Վերջում ներկայացվեց քննարկման արդյունքների և հետագա քայլերի մասին: