- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները՝ ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված՝ «Լեզու, մշակույթ և հաղորդակցություն» խորագրով միջազգային գիտաժողովում
2019թ. սեպտեմբերի 12-15-ը ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները, տվյալ մասնագիտության շրջանավարտ Աննա Սարգսյանը մասնակցեցին «Լեզու, մշակույթ և հաղորդակցություն» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:
Գիտաժողովում ընդգրկված էին ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գրեթե բոլոր ներկայացուցիչները, Ա.Չուբարյանը և Գ.Մուրադյանը նաև գիտաժողովի ծրագրի գիտական կոմիտեի անդամներ էին:
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ու Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի համագործակցությամբ կազմակերպված գիտաժողովի նպատակն էր լեզվի, մշակույթի և փոխհարաբերության տարբեր խնդիրների քննությունը՝ գիտական ուսումնասիրությունների արդի միջգիտակարգային հարացույցի համատեքստում:
Միջազգային գիտաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը, ամբիոնի դասախոսներ, Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ Վարդան Պետրոսյանը, օտարերկրյա բազմաթիվ հյուրեր և դասախոսներ:
Գիտաժողովը ևս մեկ փորձ էր համախմբելու Հայաստանի գիտակրթական ոլորտի մասնագետներին, նրանց համար ստեղծելու մասնագիտական զրույցների ու քննարկումների, մտքերի և փորձերի փոխանակման բարենպաստ մթնոլորտ, խթանելու միջազգային կապերի ընդլայնումը և սահմանելու մասնագիտական առավել բարձր չափանիշներ:
«Լեզու, մշակույթ և հաղորդակցություն» խորագրով միջազգային գիտաժողովը հագեցած էր ոչ միայն 100-ից ավելի մասնակիցներով և արտասահմանից ժամանած հյուրերով, այլև ծրագրում տեղ գտած գիտական ուղղությունների ու մոտեցումների բազմազանությամբ: