- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մեր համալսարանականները մասնակցեցին «Ընդլայնելով դրամավարկային քաղաքականության սահմանները» թեմայով Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովին
2019թ. սեպտեմբերի 11-13-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում իրականացվեց կենտրոնական բանկերի Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովը՝ «Ընդլայնելով դրամավարկային քաղաքականության սահմանները» թեմայով։ Համաժողովի թեման ինքնին խոսում էր դրամավարկային քաղաքականության կառուցակարգերի ձևավորման գործում կենտրոնական բանկերի անցած և անցնելիք երկար ուղու մասին:
Եռօրյա համաժողովի նպատակն էր մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնողներին և ակադեմիական շրջանակներին հնարավորություն ընձեռել քննարկելու քաղաքականության մշակման մեջ օգտագործվող մոդելների արդի խնդիրները և զարգացման նոր ուղղությունները։
Համաժողովի հիմնական խոսնակներն էին Մորիս Օբստֆելդտը՝ Բերքլիի համալսարանի դասախոս, Դուգլաս Լաքստոնը՝ միջազգային փորձագետ, Թոմաս Հոլուբը՝ Չեխիայի ազգային բանկի խորհրդի անդամ, Ասսաֆ Ռազինը՝ Թել-Ավիվի համալսարանի դասախոս։ Համաժողովին մասնակցում էին Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Ավստրիայի, Կանադայի, Իտալիայի, Լատվիայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի, Չեխիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, Չիլիի, Ուկրաինայի, Վրաստանի, Ֆիլիպինների ազգային և կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք միջազգային հեղինակավոր համալսարանների գիտնականներ և դասախոսներ:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից համաժողովին մասնակցում էին Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոսներ՝ ասիստենտ Ա.Սարիբեկյանը, տ.գ.թ. ասիստենտներ Է.Հովհաննիսյանը և Գ.Մինասյանը, «Տնտեսագիտություն» և «Ֆինանսներ» մասնագիտությունների ուսանողներ: Նրանք հնարավորություն ունեցան լսելու գնաճի նպատակադրման ռազմավարության, «ոչ-ստանդարտ» դրամավարկային քաղաքականության, դրամավարկային քաղաքականության իրականացման ընթացքում ֆինանսական ցուցանիշների դերի, ինչպես նաև մակրոքաղաքականության մոդելավորմանն առնչվող այլ արդիական խնդիրների վերաբերյալ զեկուցումներ:
Համաժողովի խոսնակների տպավորիչ ելույթներից հետո` ընդմիջումներին, ուսանողները ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներ Ա. Սարիբեկյանի, Է. Հովհաննիսյանի և Գ. Մինասյանի հետ ակտիվորեն քննարկեցին և վերլուծեցին մոդելների արդյունավետության հեռանկարները: Նշենք, որ Է.Հովհաննիսյանը և Գ.Մինասյանը նաև ԿԲ աշխատակիցներ են, և համաժողովում Գ.Մինասյանը ներկայացրեց իր առաջադրած մոդելները:
Սա երկրորդ նման համաժողովն էր Հայաստանում. 2016թ. սեպտեմբերին Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվել է «Մակրոտնտեսագիտության արդի խնդիրները» թեմայով մակրոտնտեսական մոդելավորման համաժողովը: