- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Մաշտոց» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
2019թ. հոկտեմբերի 2-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Մոնրեալի եգիպտահայերի ընկերակցության «Մաշտոց» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ տեր և տիկին Ջոն (Ճոն) և Սոսե (Սօսի) Մանուկյանները:
Այցելության նպատակն էր հանդիպել «Մաշտոցյան» սաների՝ սահմանամերձ համայնքների մեր այն ուսանողների հետ, ովքեր արժանացել են «Մաշտոց» հիմնադրամի սահմանած կրթաթոշակին:
Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա.Մարգարյանը, Արտաքին կապերի բաժնի աշխատակիցները, ուսանողական կառույցների ներկայացուցիչներ և ուսանողներ:
Արդեն 3 տարի անընդմեջ Եգիպտահայ ընկերակցության «Մաշտոց» կրթական հիմնադրամը Տավուշի թեմի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ մասնակի կրթաթոշակ է տրամադրում ԵՊՀ ԻՄ-ի` սահմանամերձ համայնքների 25-ական ուսանողի (յուրաքանչյուրին` 100.000-ական ՀՀ դրամի չափով):
Հանդիպման բացումն ազդարարեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը՝ ողջունելով և իր օրհնության խոսքը հղելով հանդիպման մասնակիցներին և հատկապես Կանադայից ժամանած պատվավոր հյուրերին, շնորհակալություն հայտնեց նրանց հայրենանվեր գործունեության, Հայոց աշխարհի և մասնավորապես սահմանամերձ Տավուշի բարօրությանը, զորացմանն ու բարգավաճմանն ուղղված համատեղ բարի գործերի համար:
Սրբազանը խոսքը փոխանցեց ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի վարիչ Արման Եգանյանին, ով ընթերցեց «Մաշտոց» կրթական հիմնադրամի տնօրենների խորհրդի ուղերձը՝ ուղղված «Մաշտոցյան» սաներին:
Ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը՝ բուհի ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից խորին շնորհակալություն հայտնելով Եգիպտահայերի ընկերակցության «Մաշտոց» կրթական հիմնադրամին՝ ի դեմս տեր և տիկին Մանուկյանների, մեծ պատրաստակամություն հայտնեց Տավուշի թեմի, «Մաշտոց» հիմնադրամի և մասնաճյուղի համատեղ գործակցությունն ընդլայնելու և զարգացնելու վերաբերյալ:
Այնուհետև տեր և տիկին Մանուկյաններն ուսանողների հետ քննարկեցին ԵՊՀ ԻՄ-ում գործող մասնագիտություններին, ուսումնական գործընթացին առնչվող հարցեր:
Հանդիպման վերջում համալսարանականները հյուրերին ուղեկցեցին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետ, որտեղ նրանք ծանոթացան ֆակուլտետում գործող մասնագիտություններին («Կիրառական արվեստ» և «Դիզայն»), ականատես եղան աշխատանքների ստեղծագործական պրոցեսին, դրանց ստեղծման տեխնիկային:
Պատվավոր հյուրերը մեծապես տպավորվեցին ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների բազմաժանր (վիտրաժային նկարչություն, գոբելեն, գեղանկար, բոլորաքանդակ, բատիկա, ասեղնագործություն և այլն) աշխատանքներով և իրենց ստացած խորհրդանշական փոքրիկ նվերներով:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից ևս մեկ անգամ խորին շնորհակալություն ենք հայտնում «Մաշտոց» կրթական հիմնադրամին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմին, թո՛ղ Աստված առատորեն օրհնի նրանց ազգանվեր գործունեությունը: