- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ Ուսուցչի միջազգային օրվան նվիրված միջոցառում
2019թ. հոկտեմբերի 5-ին «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Ուսուցչի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը:
Միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, փոխդեկան Վ.Աղաբաբյանը, Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ա.Մարդանյանը, Անգլերեն լեզվի և գրականության, Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնների աշխատակիցները և հյուրեր:
Ուսուցչի տոնին նվիրված միջոցառումն անցկացվեց միաժամանակ երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն:
Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրին տոնի նախապատմությունը, տարբեր երկրներում այն նշելու առանձնահատկությունները:
Ներկայացվեցին նաև ուսուցիչների միջև եղած տարբերությունները Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Հայաստանում:
Ցուցադրվեցին զվարճալի տեսահոլովակներ օտար լեզուներ դասավանդելու դժվարությունների մասին:
Այնուհետև ուսանողները ներկայացրին ֆակուլտետի դեկանի և փոխդեկանի, ԵՊՀ ԻՄ-ում օտար լեզուներ դասավանդող բոլոր դասախոսների անունների ստուգաբանությունը, որից հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխություն: Դասախոսներին, դեկանին ու փոխդեկանին հանձնեցին հավաստագրեր՝ բնութագրող տիտղոսներով:
Միջոցառումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում:
Վերջում ելույթ ունեցավ Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ք.Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներին և բոլոր ներկաներին՝ օրն իսկապես տոն դարձնելու համար: