- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրման 25-ամյակին նվիրված «Անկախության առաջնեկը» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովը
2019թ. հոկտեմբերի 5-6-ը ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին նվիրված «Անկախության առաջնեկը» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովը, որին մասնակցեցին 38 ուսանողներ ՀՀ տարբեր բուհերից և մասնաճյուղից:
Առաջին օրը տեղի ունեցավ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը. պլենար նիստին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, դասախոսներ, ներկա էր Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը:
Պլենար նիստը բացեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ ողջունելով և շնորհավորելով ներկաներին բուհի հիմնադրման 25-ամյակի առթիվ: Նա համառոտ ակնարկով ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի պատմությունը, ընդգծեց, որ պատահական չի ընտրվել «Անկախության առաջնեկը» խորագիրը. բուհի հիմքերը դրվել են ՀՀ անկախության հռչակումից մեկ ամիս անց:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության նախագահ Հրանտ Ղարագյոզյանը՝ հույս հայտնելով, որ գիտական այս նստաշրջանը կդառնա գիտական տարաբնույթ քննարկումների հարթակ, կստեղծի ամուր կապեր ՀՀ մի շարք համալսարանների միջև: Նա շնորհակալություն հայտնեց պետական և մասնավոր կազմակերպություններին՝ ֆինանսական և նյութական աջակցություն ցուցաբերելու համար, մասնավորապես՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին, Իջևանի համայնքապետարանին, Մարանի սուպերմարկետին և ՀԷՑ ընկերության «Աղստև» մասնաճյուղին:
Պլենար նիստից հետո գիտաժողովը շարունակվեց մասնագիտական 3 բաժանմունքներում՝ Տնտեսագիտության և բնական գիտությունների բաժանմունք, Պատմաիրավագիտության բաժանմունք, Հասարակական գիտությունների բաժանմունք (հայ և ռուս բանասիրություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, արվեստ):
Այնուհետև բաժանմունքների ղեկավարներն իրենց կարծիքներն արտահայտեցին ուսանողների ներկայացրած զեկուցումների վերաբերյալ, տեղի ունեցավ հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը:
Այլ բուհերից ժամանած ուսանողների համար կազմակերպվեց շրջայց Իջևան քաղաքում, իսկ վերադարձից հետո՝ ինտելեկտուալ խաղ:
Երկրորդ օրը նվիրված էր գիտաճանաչողական այցերին, որոնց շրջանակներում այլ բուհերի ուսանողները ՈՒԳԸ անդամների ուղեկցությամբ այցելեցին Իջևանի բուսաբանական այգի, Հաղարծնի և Գոշավանքի վանական համալիրներ:
Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: