- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ընթացքի մեջ է «ՏՄՄ» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողների մանկավարժական ակտիվ պրակտիկան
2019-20 ուստարվա I կիսամյակում Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում իրականացվում է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողների մանկավարժական ակտիվ (ամփոփիչ-գնահատողական) պրակտիկան՝ կազմված 2 փուլից՝ 3-ական շաբաթով:
Առաջին փուլն իրականացվել է սեպտեմբերի 9-30-ը, երկրորդ փուլն անցկացվում է նոյեմբերի 4-25-ը:
Ծրագրով նախատեսված է մանկավարժական պրակտիկան իրականացնել շարունակականության և հաջորդականության սկզբունքներով, մասնագիտական կոմպետենտության աստիճանական զարգացման մեխանիզմով բակալավրի կրթական ծրագրի մանկավարժական բոլոր մասնագիտությունների գծով:
Ամփոփիչ-գնահատողական պրակտիկայի նպատակն է վարել տվյալ օրվա բոլոր դասաժամերը՝ ըստ նախապես կազմված դասապլանների, ձևավորել յուրացված տեսական նյութը գործնականում կիրառելու կարողություն:
Մանկավարժական պրակտիկայի խնդիրն է բացահայտել, թե ինչ միջոցներով են դասապրոցեսներն ավելի արդյունավետ իրականացվում, ժամանակակից պայմաններում ուսուցման որ մեթոդներն են առավել կիրառելի, կարևորագույն խնդիր է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունների հաշվառումը, ինչպես նաև համակուրսեցիների վարած դասերի քննարկումը և վերլուծությունը:
Նախքան դպրոց գնալը, ինչպես նաև պրակտիկայի ընթացքում ուսանողները հանդիպումներ են ունեցել Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանի, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ, պրակտիկայի ղեկավար-պատասխանատու Վ.Մելիքսեթյանի, պրակտիկայի մանկավարժ-խորհրդատու Ա.Մարտիրոսյանի և պրակտիկայի հոգեբան Ա.Քամալյանի հետ:
Պրակտիկայի սկզբում ուսանողները կցվել են 1-3-րդ դասարաններին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե մինչև այդ որ դասարաններում են անցել պրակտիկան: Այնուհետև դասվարներն իրենց փորձը փոխանցել են ուսանողներին՝ վերջիններիս նախապատրաստելով որպես ուսուցիչ դասարան մտնելուն:
Պրակտիկանտները՝ թվով 39 ուսանող, տարբեր խմբերով անցնում են ակտիվ պրակտիկա տարբեր դասարաններում, նախապես կազմում դասի պլան, առանձնացնում դասի նպատակը, խնդիրները, պլանավորում դասի ընթացքը:
Պրակտիկան շատ հագեցած է և գոհացնող ուսանողների համար: Մանկավարժական ակտիվ պրակտիկայի ընթացքում ուսանողները շարունակում են իրենց անհատական թղթապանակների վարումը, որոնցում ներառված է պրակտիկայի ընթացքում յուրաքանչյուրի կատարած աշխատանքը, և որոնց հիման վրա կիրականացվի գնահատում:
Բոլոր լուսանկարները տե´ս այստեղ: