- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ «Հայ քնարերգության երաժշտական գույները» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակին
2019թ. դեկտեմբերի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մասնաճյուղում կայացավ «Հայ քնարերգության երաժշտական գույները» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ա.Սարհատյանը:
Միջոցառման նպատակն էր ներկայացնել հայ քնարերգության անվանի դեմքերի՝ Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Տերյանի ու Իսահակյանի, Ս.Կապուտիկյանի ու Հովհ. Շիրազի, Հ.Սահյանի, Սևակի ու Սարյանի, նաև արևմտահայ անվանի բանաստեղծ Դևի քնարերգության ու նրանց՝ երգի վերածված հանրահայտ մի քանի ստեղծագործություններ:
Գեղարվեստական հնչեղություն ու ժամանակագրական հաջորդականություն ունեցող սցենարի հիման վրա իրար էին հաջորդում ու մեկընդմիջվում պոեզիան ու երաժշտությունը՝ սկսած Գողթան երգերից մինչև Սայաթ-Նովա ու Սահյան:
Միջոցառմանը մասնակցում էին «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին, երրորդ ու չորրորդ կուրսի ուսանողուհիները, որոնց կատարմամբ քնարական հուզիչ բանաստեղծությունները, մեներգերն ու խմբերգերը մեծ տպավորություն գործեցին հանդիսատես-ունկնդիրների վրա:
Առանձնապես տպավորիչ էին Աստղիկ Ղազարյանի «Նավզիկե», Անուշ Խաչատրյանի «Կգամ», Նունե Վարդումյանի «Ղողանջ հարցման», Գոհար Մկրտումյանի «Թե աչքերս քեզ որոնեն» բանաստեղծությունների հուզիչ կատարումները:
Ունկնդիրներին մեծ բավականություն պատճառեցին Մանե Մատինյանի, Լիանա Յարալյանի, Նինա Հարությունյանի երաժշտական կատարումները, Գուրգեն Դալյանի ձայնակցությամբ և կիթառի նվագակցությամբ՝ «Բինգյոլը», «Մարտիկի երգը», «Դու նորից եկել ես» երգերն ու այլ խմբերգեր:
Մեծ քնարերգուների կողքին չէր մոռացվել ամենամեծ երգահանը՝ ժողովուրդը, որի ստեղծած երգերի մի գողտրիկ փունջ ևս ներկայացվեց մեծ ոգևորությամբ: Գրական-երաժշտական կատարումները եզրափակվեցին «Հայաստան» երգով, որին ձայնակցեց ողջ դահլիճը:
Միջոցառման մասնակիցներն իրենց ազդեցիկ կատարումներով ևս մեկ անգամ ընդգծեցին այն գաղափարը, որ հայ քնարերգությունը մեր ժողովրդի անցած ճանապարհի, նրա խիզախումների ու հերոսական պայքարի, դաժան տառապանքների ու լուսավոր երազանքների էպիկական ու քնարական արտացոլանքն է: Հույզերի բոլոր գույներն ու երանգները կան հայ գրականության մեջ, որոնք դարձել են չմոռացվող բանաստեղծություններ, հուզաթաթավ մեղեդիներ, երգ ու երաժշտական բազմաժանր անգնահատելի արժեքներ:
Վերջում ելույթ ունեցան Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ա.Հասանյանը, Տավուշի թեմի Սբ. Մակարավանքի հոգևոր հովիվ ’Տեր Արշավիր քահանա Ասատրյանը՝ արտահայտելով իրենց հիացմունքն ու գոհունակությունը բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման վերաբերյալ, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին ու կազմակերպչին՝ տիկին Աիդա Սարհատյանին:
«Հայ քնարերգության երաժշտական գույները» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթն ավարտվեց Արշավիր քահանա Ասատրյանի օրհնության խոսքով ու աղոթքով:
Բոլոր լուսանկարները տե‘ս Պատկերասրահում:
[gallery ids="28589,28576,28582"]