- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Բանավեճի ներբուհական առաջնության եզրափակիչ խաղում հաղթեց «Ալֆա» թիմը
2019թ. դեկտեմբերի 20-ին կայացավ Բանավեճի ներբուհական առաջնության եզրափակիչ խաղը, որը կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ և «Ռեֆորմ» բանավեճի ակումբի հետ համագործակցությամբ։ Որպես դատավոր խաղին ներկա էր նաև «Ռեֆորմ» բանավեճի ակումբի համակարգող Մելինե Գևորգյանը, ում միջնորդությամբ ակումբը տրամադրել էր առաջնության գավաթը, մեդալները և հավաստագրերը։
Եզրափակիչ փուլում բանավիճում էին «Ալֆա» և “Mysterious ANIs” թիմերը՝ «Տարկետման վերացումը գիտության զարգացման սպառնալիք է» թեմայով։ Թիմերը նախապես չգիտեին իրենց դիրքորոշումը, այդ իսկ պատճառով տեղում կատարվեց վիճակահանություն, որի համաձայն՝ կողմ դիրքորոշմամբ հանդես եկավ «Ալֆա»-ն, իսկ դեմ դիրքորոշմամբ՝ “Mysterious ANIs”-ը։
Խաղի դատավորներն էին ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԽ-ի նախագահ Արեն Ավետիսյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի ՈՒԽ-ի նախագահ Իրինա Փիրումյանը, ՈՒԳԸ փոխնախագահ Շիրակ Գասպարյանը (գլխավոր դատավոր), ՈՒԳԸ նախագահ Հրանտ Ղարագյոզյանը, «Ռեֆորմ» բանավեճի ակումբի համակարգող Մելինե Գևորգյանը։
Թիմերի 1-ին խոսնակները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրին բանավեճի հիմնական սահմանումներն ու հասկացությունները, տվեցին պնդումների ձևակերպումները։
Կառուցողական ելույթի ընթացքում յուրաքանչյուր թիմ բերեց սեփական դիրքորոշումից բխող երկուական պնդում, տարբեր փաստեր և օրինակներ՝ փորձելով ամրապնդել իր դիրքորոշումը։
Հարց ու պատասխան փուլում երկու թիմերը հնչեցրին տարատեսակ հարցեր, որոնք վերաբերում էին ինչպես բանավեճի բուն թեմային, այնպես էլ հակառակորդ թիմի կառուցողական ելույթին։ Խաղի 4-րդ և 5-րդ խոսնակները վերլուծեցին ամբողջ խաղը, ամրապնդեցին իրենց պնդումները և վերհանեցին բանավեճի ընթացքում տեղի ունեցած բախումները՝ հավաստիացնելով, որ հենց իրենց դիրքորոշումն է ճշմարտացի։
Թեժ և միաժամանակ հավասար պայքարում 59-60 միավորով Բանավեճի ներբուհական առաջնության հաղթող ճանաչվեց «Ալֆա» թիմը։
Խաղից հետո տեղի ունեցավ հավաստագրերի և մրցանակների հանձնման արարողությունը։ Հավաստագրերով պարգևատրվեցին առաջնությանը մասնակցած թիմերի բոլոր անդամները, 2-րդ տեղն զբաղեցրած թիմը պարգևատրվեց մեդալներով և խրախուսական նվերներով, առաջնության հաղթող թիմը ստացավ առաջնության գավաթը, մեդալներ, ինչպես նաև Yell Extreme Park-ի կողմից տրամադրված ժայռամագլցման (Via Ferrata) տոմսեր։
Սահմանված էր նաև 3 անվանակարգ։ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Սպարտա» թիմը՝ պարգևատրվելով պատվոգրով և նվերներով։ «Լավագույն խոսնակ» անվանակարգում հաղթեց «Mysterious ANIs» թիմի 4-րդ խոսնակ Ինգա Ասլանյանը, ում հանձնվեց պատվոգիր, ինչպես նաև Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» գիրքը, իսկ խաղի լավագույն դատավոր ճանաչվեց Կիրառական արվեստի ֆակուլտետի ՈՒԽ-ի նախագահ Իրինա Փիրումյանը, ով պարգևատրվեց շնորհակալագրով և նվերով։
Բանավեճի ներբուհական առաջության անցկացմանը ցուցաբերած մեծ օգնության համար շնորհակալագրով և նվերով պարգևատրվեց «Ռեֆորմ» բանավեճի ակումբի համակարգող Մելինե Գևորգյանը։ Շնորհակալագրեր տրվեցին նաև խաղի բոլոր դատավորներին և առաջնության կազմակերպմանն օժանդակած անձանց։
Բոլոր լուսանկարները տե’ս Պատկերասրահում:
[gallery ids="28703,28687,28671"]