- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ «Հնարավորությունների և արհեստների տոնավաճառ» միջոցառումը
2019թ. դեկտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի Կոլբա նորարարական լաբորատորիայի «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի դահլիճում կայացավ «Հնարավորությունների և արհեստների տոնավաճառ» միջոցառումը, որն իրականացվեց Տավուշի մարզպետարանի և «Կարիերայի լաբ» կենտրոնի հետ համատեղ:
«Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: Այն նպատակ ունի նախապատրաստել Հայաստանի երիտասարդությանն ապագայի աշխատաշուկային՝ նոր մասնագիտություններ և հմտություններ ձեռք բերելու միջոցով:
Տոնավաճառի նպատակն է ծառայել որպես բաց հարթակ գործատուների և աշխատանք փնտրող երիտասարդների միջև, դասընթացների միջոցով տրամադրել այնպիսի կարևոր հմտություններ, որոնք աշխատաշուկայում մրցունակություն կապահովեն:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Իր ելույթում Դմիտրի Մարիյասինն ընդգծեց «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի կարևորությունը. «Այս ծրագիրը ես շատ եմ կարևորում, քանի որ այն ապագայի մասին է, որը, կարծում եմ, Հայաստանի համար այս պահին շատ կարևոր է. ինչպես անել, որպեսզի այսօրվա սերունդն իրազեկված լինի և տեսնի իր ապագան հենց Հայաստանում, այն ապագան, որը կլինի արժանավայել, ֆինանսապես կայուն, և որտեղ երիտասարդները կդառնան պահանջված մասնագետներ: Իհարկե, մենք նույնպես այսօրինակ միջոցառումների ժամանակ սովորում ենք ձեզանից, մենք պետք է հասկանանք ձեր հետաքրքրություններն ու անհանգստությունները, որպեսզի ծրագիրն է՛լ ավելի արդյունավետ դարձնենք հենց ձեզ համար»:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրեց ապագայի մասին իր տեսլականը և մի շարք խորհուրդներ տվեց երիտասարդներին: Նա ցանկություն հայտնեց, որ նման միջոցառումներին և հարթակներին երիտասարդները ստեղծարար և վերլուծական մոտեցում ցուցաբերեն. «Սա այն հմտությունն է, որը պետք է ձեզ, և որը վերաբերում է ապագայի մասնագիտությանը, քննադատական և ստեղծարար մտածողություն և մոտեցում: Դուք ամեն օր պետք է աշխատեք ձեր զարգացման վրա»:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև Երևանից և ՀՀ մարզերից հրավիրված խոսնակներ, ովքեր ներկայացրին իրենց մոտիվացիոն պատմությունները, պատասխանեցին սոցիալական ձեռներեցության մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ երիտասարդների ուղղած հարցերին:
Տոնավաճառին զուգահեռ անցկացվեցին ապագայի աշխատաշուկայի ու հմտությունների, մասնագիտության ընտրության մարտահրավերների մասին դասընթացներ: