- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մասնաճյուղում կայացավ Տավուշի մարզում ԳՏՏԿ առաջին շրջանավարտների ավարտական միջոցառումը
2020թ. փետրվարի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Տավուշի մարզում Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի առաջին շրջանավարտների ավարտական միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հատուկ նախագծերի ղեկավար Վիկտորյա Պողոսյանը, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերի ղեկավար Բելլա Հարությունյանը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի մենեջեր Պատվական Հախինյանը, Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը, այլ պաշտոնյաներ, դասախոսներ, ուսանողներ, ծնողներ, հյուրեր, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքացիներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳՏՏԿ տնօրեն, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի՝ մարզերում տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը՝ նշելով, որ այս տարի առաջին շրջանավարտների համար կմեկնարկեն ինտերնշիփեր, որոնց շրջանակում ծրագրի շրջանավարտները կհամագործակցեն ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների ու ընկերությունների հետ, այդ թվում՝ հեռահար եղանակով, ինչպես նաև Տավուշում շուտով կտրվի նոր՝ «Համակարգչային ճարտարագիտություն» ծրագրի մեկնարկը։
Այնուհետև Վեբ, Ջավա և iOS ծրագրավորման խմբերի շրջանավարտները ներկայացրին իրենց նախագծերը։ Հարց ու պատասխանի միջոցով ամփոփվեց այդ փուլը։
Շրջանավարտներին իրենց կատարումներով շնորհավորեցին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողուհի Մանե Մատինյանը և M dance studio-ն (գեղարվեստական ղեկավար՝ Մերի Չիբուխչյան)։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհավորեց մարզում ԳՏՏԿ առաջին շրջանավարտներին և հիմնադրման 15-ամյակի առթիվ ԳՏՏԿ-ին՝ նշելով․ «Ծրագրավորումն ամենամտավոր և ինտելեկտուալ մասնագիտություններից և աշխարհի ամենաբարեկեցիկ աշխատանքներից մեկն է։ Սիրելի՛ շրջանավարտներ, մենք մեծ ճանապարհ ունենք ձեզ հետ անցնելու։ Ուզում եմ, որ սիրեք ձեր մասնագիտությունը, կայանաք ձեր մասնագիտության մեջ և համարձակություն ունենաք ոչ միայն աշխատելու, այլև ստեղծելու ձեր ձեռնարկությունները։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Իջևանը և Տավուշը դառնան տեխնոլոգիական հանգրվաններ»։
ԵՊՀ ԻՄ-ի տօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, շնորհավորելով շրջանավարտներին և ողջունելով ծրագիրը, նշեց, որ համալսարանը պատրաստ է տրամադրել համապատասխան ռեսուրսներ, բարելավել անհրաժեշտ պայմանները՝ ծրագրին լավ ընթացք ապահովելու նպատակով:
Միջոցառման երկրորդ փուլում շրջանավարտներին հանձնվեցին ավարտական վկայականներ։
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից շնորհակալագրեր ստացան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, մասնաճյուղի տնօրենի նախկին պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշում ԳՏՏԿ դասախոսները։
ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը մասնաճյուղի անունից շնորհակալագիր հանձնեց ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանին՝ մասնաճյուղի գործունեությանը մեծապես աջակցելու համար։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ևս Ամալյա Եղոյանին հանձնեց շնորհակալագիր՝ ԳՏՏԿ-ի կողմից մարզում տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար։
Նշենք նաև, որ 2019թ. ՀՀ 4 մարզերի 250 երիտասարդներ մուտք են գործել ՏՏ ոլորտ՝ «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի (ԳՏՏԿ) կողմից իրականացվող տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերին մասնակցելու շնորհիվ:
Տավուշի, Վայոց Ձորի, Լոռու և Արագածոտնի մարզերի երիտասարդները կարճ ժամանակում սովորել են ծրագրավորման տարբեր լեզուներ՝ իրենց տեղը գտնելով տեխնոլոգիական ոլորտում, որը Հայաստանում հռչակված է որպես տնտեսության գերակա ճյուղ:
Տավուշի մարզում ծրագրի առաջին փուլին դիմել է 120 դիմորդ: Ընտրված 70 ուսանողից ծրագիրը հաջողությամբ ավարտել է 30 ուսանող:
Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:
[gallery ids="29038,29040,29109,29113,29114,29115"]