- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մասնաճյուղում կայացավ Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության հաշվետու միջոցառումը
2020թ. փետրվարի 22-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության հաշվետու միջոցառումը, որին մասնակցում էին Տավուշի մարզպետ Հ.Չոբանյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի ԺՊ Գ.Հովհաննիսյանը, տարբեր համայնքների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զբոսավարներ:
Միջոցառման նպատակն էր՝
Հաշվետվությունը ներկայացրեց ՀԿ նախագահ Գ.Ալեքսանյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի զբոսաշրջային կայքին, 2019թ. ՀԿ ձեռքբերումներին և 2020թ. պլաններին ու նախագծերին, զբոսաշրջության զարգացման հայեցակարգին: Մասնավորապես նշվեց, որ «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն իրականացրել է մարզի զբոսաշրջային կայքի թարմացման, մարզի վերաբերյալ տեսահոլովակի ստեղծման, զբոսավարական հմտությունների զարգացման աշխատանքներ, որոնց մասնակցել է նաև Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի լաբորանտ Ս.Սաֆարյանը:
«Կայքն առաջին հերթին տուրիստներին համակարգված ինֆորմացիա տալու խնդիրն է լուծում, երկրորդը՝ ներդրողները կարող են այցելել կայք և տեսնել՝ տուրիստական տեսանկյունից ի՞նչ գրավչություներ և առավելություներ կան: Երրորդը՝ զբոսաշրջային գործունեություն իրականացնող կազմակերպություններն իրենց ծառայությունները համակարգված ձևով կարող են կայքի միջոցով հասանելի դարձնել տուրիստներին»,- ընդգծեց «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ խորհրդի նախագահ Գոռ Ալեքսանյանը:
Միջոցառումն ուղեկցվեց բուռն քննարկումներով: Տավուշի մարզպետ Հ.Չոբանյանը ներկայացրեց մարզում գործող նոր ծրագրերը, իր առաջարկները գործակալության հետագա գործունեության ուղղությունների որոշման համար: Շեշտելով, որ զբոսաշրջությունը Տավուշի մարզի ռազմավարության հիմնական գերակայություններից մեկն է՝ Տավուշի զբոսաշրջային պոտենցիալն ամբողջությամբ իրացնելու համար Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 2020 թվականի ռազմավարության հիմնական կետերից առանձնացրեց զբոսաշրջային սեզոնի երկարացումը, աշխարհագրական տարածականության ապահովումը՝ ներառելով բոլոր համայնքներն իրենց հնարավորություններով: Մարզպետը կարևորեց մարզի զբոսաշրջության զարգացման մեջ նաև համայնքի մասնակցությունը:
«2020 թվականը տուրիզմի զարգացման առումով պետք է հայտարարել արշավ դեպի դպրոցներ, - նշեց պարոն Չոբանյանը: - Սա երկկողմանի արժեք ունի. երեխաներին էլ է պետք իրենց հայրենիքն ու բնակավայրն ավելի լավ ճանաչել: Ճանաչելուց հետո սիրել ու կապվել այդ բնակավայրին, բացառել այդ բնակավայրից հետագայում իրենց հեռանալը»:
Վերջում տեղի ունեցավ հյուրասիրություն UNDP-ի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնում: