- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ մասնաճյուղն իրականացնում է հեռավար ուսուցում
2020թ. մարտի 16-ից ապրիլի 14-ը հանրապետությունում արտակարգ դրություն սահմանելու ՀՀ կառավարության որոշմամբ պայմանավորված՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իրականացնում է առցանց ուսուցում՝ ուսանողների ուսումնառությունը չընդհատելու նպատակով:
Առցանց դասավանդման տարբեր համակարգերի («Zoom.us», «Moodle», «Edunext», «Microsoft Teams», «Skype», «WattsApp», «Messenger», «Viber» և այլն), ինչպես նաև «E-mail»-ի միջոցով ԵՊՀ ԻՄ-ի չորս ֆակուլտետները (Տնտեսագիտության, Հումանիտար գիտությունների, Բնական գիտությունների, Կիրառական արվեստի) և Հեռակա ուսուցման բաժինը կազմակերպում են հեռավար ուսուցում:
Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանը հավաստիացրեց, որ ֆակուլտետի դասախոսները, 2-3 օրվա ընթացքում ուսանողներին ապահովելով դասընթացների յուրացման համար անհրաժեշտ նյութերով (դասագրքեր, դասախոսություներ, շնորհանդեսներ, առաջադրանքներ/խնդիրներ, ռեֆերատների, ինքնուրույն աշխատանքների թեմաներ, թեստեր և այլն), դասացուցակին համապատասխան սկսեցին իրականացնել դասերը: «Այս գործընթացի իրականացումն այնքան էլ խնդրահարույց չէր, քանի որ ֆակուլտետում դասախոս-ուսանող առցանց համագործակցությունը դարձել է մշակույթ: Այս պահին ուսումնական նյութերի բացակայության խնդիր գրեթե չկա: Ֆակուլտետի երկու մասնագիտությունների գծով էլ դասընթացների գերաշիռ մասը հեռավար դասավանդվում է, և մեր կողմից վերահսկվում է այդ գործընթացը: Ավարտական և կուրսային աշխատանքները ևս ղեկավարվում են հեռավար տարբերակով», - ընդգծեց Գ.Ավետիսյանը:
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը նշեց, որ ուսումնական գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով ֆակուլտետի յոթ կրթական ծրագրերով դասընթացները կազմակերպվում են առցանց եղանակով: Դասընթացների յուրահատկություններից ելնելով՝ դասախոսները կիրառում են հեռավար ուսուցման տարբեր միջոցներ: Առցանց ուսուցման գործընթացը հնարավորինս վերահսկվում է ֆակուլտետի դեկանի, ամբիոնների վարիչների, կրթական ծրագրերի պատասխանատուների համագործակցությամբ: Անմիջական կապ է ապահովվում կուրսերի ավագների հետ՝ ուսանողների կարծիքներն ու առաջարկները լսելու, թերացումները շտկելու, ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մ.Զաքարյանը ներկայացրեց, որ արտակարգ դրության պայմաններում ֆակուլտետն իրականացնում է հեռավար ուսուցում՝ օգտագործելով հնարավոր առցանց հարթակները: «Արդեն ժամանակի հրամայականն էր դասավանդման դասական մեթոդներին զուգահեռ ունենալ այլ դասավանդում: Առցանց ուսուցման գործընթացում ներգրավված են ֆակուլտետի բոլոր դասախոսները, որոնց հետ մշտական կապի մեջ եմ: Դասախոսները վստահեցնում են, որ ուսանողների մասնակցությունը օնլայն դասերին սպասվածից բարձր է՝ 75-80%», - շեշտեց Մ.Զաքարյանը:
Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա.Մարգարյանը նշեց, որ մարտի 16-ից սկսած՝ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը ձեռնամուխ եղավ առցանց ուսուցման հնարավորությունների օգտագործմանը, ինչը որոշակի դժվարությունների առիթ տվեց` կախված մասնագիտությունների առանձնահատկություններից: «Արվեստի բնագավառի ուսումնառությունը ենթադրում է դասավանդողների կողմից ուսումնառողների առաջադրանքների կատարման մշտադիտարկում, ստեղծագործական մոտեցումների քննարկում, խնդիրների լուծման յուրատեսակ տարբերակների ընտրություն և այլն, որոնք, ստեղծված իրավիճակի սահմանափակումներից ելնելով, դժվար է լիրարժեք իրականացնել: Այդուհանդերձ, հեռավար ուսուցումն արդյունավետ կազմակերպելու նպատակով դասավանդողները ուսանողներին տվել են դասընթացների պահանջներից բխող հանձնարարություններ և առաջադրանքներ, իրականացնում են խորհդատվություն և ստանում արձագանքներ`օգտագործելով ժամանակակից էլեկտրոնային գրեթե բոլոր ձևերը: Որպես ֆակուլտետի դեկան՝ ես հաճախակի կապի մեջ եմ դասախոսների, իսկ երեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ուսանողների հետ՝ նրանց կարծիքները և առաջարկները լսելու, ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար», - ընդգծեց Ա.Մարգարյանը:
Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը ներկայացրեց, որ մարտի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի կողմից հրավիրված խորհրդակցությունից հետո հեռակա ուսուցման համակարգում դասավանդող դասախոսներին հրահանգվել է ուսանողների էլեկտրոնային հասցեներին ուղարկել դասընթացների յուրացման համար անհրաժեշտ նյութերը, ինքնուրույն աշխատանքների թեմաներ, առաջադրանքներ և այլ հանձնարարություններ: Արդեն 2-րդ շաբաթն է, որ դասախոսները տարբեր միջոցներով ուսանողների հետ իրականացնում են առցանց խորհրդատվություններ, դաս-քննարկումներ, սեմինարներ, ապահովում ուսանողների հետ հետադարձ կապը:
Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: