- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Հաստատվեցին բուհերի՝ 2020-2021 ուստարվա ընդունելության կարգը, մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
2020թ. մայիսի 21-ին կայացավ ՀՀ կառավարության նիստ, որի ընթացքում սահմանվեց պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը, հաստատվեց բուհերի՝ 2020-2021 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։
Կառավարության նիստից տեղեկանում ենք, որ այս տարվա ընդունելության կարգում կատարվել են էական փոփոխություններ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, զեկուցելով հարցի մասին, նշեց, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ այս տարվա ընդունելության կարգը գրեթե ամբողջությամբ փոխվել է՝ համապատասխանեցվելով Պարետատան սահմանած կանոններին և Առողջապահության նախարարության ցուցումներին:
Մասնավորապես՝ այս տարի դիմորդները կհանձնեն ընդունելության մեկ քննություն:
Հիմնավորելով, թե ինչպես է որոշվել, որ տվյալ մասնագիտության համար ինչ քննությունն է հանձնելու դիմորդը՝ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ հարցը քննարկվել է բուհերի հետ և յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսված երկու կամ երեք պարտադիր քննական առարկաներից ընտրվել է մեկը: Այն մասնագիտությունները, որոնց համար նախատեսված են եղել կամընտրական քննություններ, առարկայի ընտրությունը թողնվել է դիմորդի հայեցողությանը:
Կատարված կարևոր փոփոխություններից է առաջին հայտի գերակայության սկզբունքի ուժեղացումը. «Մենք, այս տարվանից սկսած, հետագա տարիների համար ևս անում ենք մի կարևոր ամրագրում. դիմորդները պետք է մեծ կարևորություն տան մասնագիտության ընտրությանը, ուստի ընդունելության մրցույթի ժամանակ առաջին հայտը կլինի գերակա: Դիցուք, եթե ուսանողը դիմելու է արվեստաբանության ֆակուլտետ, ապա նա մրցույթի ժամանակ ինչպես անվճար, այնպես էլ վճարովի համակարգում ունենալու է գերակայություն»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը:
Հայտերի ընդունելության գործընթացի ամբողջական թվայնացումը ևս առաջին անգամ է փորձարկվում. դիմորդները հայտը ներկայացնելու են Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքի միջոցով՝ ամբողջությամբ էլեկտրոնային:
Դիմում-հայտերը առցանց կներկայացվեն մայիսի 25-ից հունիսի 15-ը, իսկ ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում:
Գործընթացի կազմակերպման ընթացակարգը և ժամկետները համաձայնեցված են նաև Պաշտպանության նախարարության հետ, որ զորակոչիկները և զորացրվող զինծառայողները ևս հնարավորություն ունենան դիմել բուհեր:
Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) կարգը տե՛ս այստեղ:
Բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը տե՛ս այստեղ:
ՀՀ կառավարության՝ 2020թ. մայիսի 21-ի նիստը տե՛ս այստեղ: