- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ -ի՝ 2020թ. շրջանավարտների ձեռքբերումներն ու բացթողումները՝ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների աչքերով
2020թ. մայիսի 16-ից 30-ը կայացել է ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019-2020 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 9 մասնագիտության գծով ավարտական աշխատանքների առցանց պաշտպանությունները:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵՊՀ ԻՄ-ը, հետևելով Մայր բուհում ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի առցանց իրականացման վերաբերյալ որոշմանը, նախատեսել էր ավարտական աշխատանքների նախապաշտպանություններն ու պաշտպանությունները նույնպես կազմակերպել առցանց, միասնական Zoom հարթակում:
Վարչական համապատասխան ստորաբաժանումների (ՈՒՄՎ, ֆակուլտետներ) ղեկավարների հավաստմամբ՝ պաշտպանություններն իրականացվել են պատշաճ կարգով, համաձայն հաստատված ժամանակացույցների, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները, ուսանողներն ու ավարտական աշխատանքների ղեկավարները դրանց մոտեցել են պատասխանատվությամբ:
2020թ. մայիսի 16-ին կայացել է «Պատմություն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի փոխդեկան, պ․գ․թ․, դոցենտ Հայկ Իշխանի Գրիգորյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 11 շրջանավարտ, որոնցից 3-ը ստացավ «գերազանց», 4-ը՝ «լավ», 4-ը՝ «բավարար»:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ Հայաստանում տիրող արտակարգ իրավիճակի պայմաններում համալսարանի ղեկավարությունն ու մասնագիտական ամբիոնը պատշաճ ձևով և բարձր մակարդակով էին կազմակերպել ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Պահպանված էին ավարտական աշխատանքների համար նախատեսված չափորոշիչները: Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է, որ հաջորդ տարիներին ավելի շատ աշխատանքներ լինեն հին շրջանից և միջնադարից:
Մայիսի 22-ին տեղի է ունեցել «Դիզայն» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ՆՄ և ՀՀ ԴՄ անդամ, ՌԴ ՆՄ անդամ Էդվարդ Գագիկի Ամիրբեկյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 15 շրջանավարտ, որոնցից 6-ը ստացավ «գերազանց», 9-ը՝ «լավ» գնահատական:
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահը ցանկություն է հայտնել, որ ուսանողներն ավելի լավ ըմբռնեն դիզայնի և ճարտարապետության հիմնական տարբերությունները. «Ճարտարապետությունը ստատիկ է, դիզայնը՝ դինամիկ: Դիզայնը ներշնչված է ապագայով, ճարտարապետությունը՝ անցյալով: Ճարտարապետությունը դիմում է մշակույթին և առասպելին, դիզայնը՝ գիտությանը և տեխնոլոգիաներին: ճարտարապետությունը ձգտում է հավերժության, դիզայնը` ակնթարթության: Ճարտարապետությունը բնակեցված քանդակ է, դիզայնը՝ բնակեցված գովազդ: Ճարտարապետությունը գեղատեսիլ է, դիզայնը` պլակատային և այլն»:
Մայիսի 23-ին կայացել են «Հայոց լեզու և գրականություն», «Տնտեսագիտություն» մասնագիտությունների շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:
«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ պետական կառավարման ակադեմիայի լեզուների ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Լավրենտի Աշոտի Միրզոյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 14 շրջանավարտ, որոնցից 8-ը ստացավ «գերազանց», 6-ը՝ «լավ»:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ավարտական աշխատանքների պաշտպանությունը կազմակերպված էր բարձր մակարդակով: Շրջանավարտները ներկայացրին ծրագրին համահունչ աշխատանքներ՝ հստակ հարցադրումներով, շարադրանքով, պատասխանները փայլուն էին, թեմաները՝ բազմազան:
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է ավարտական աշխատանքների թեմաներում ընդգրկել Տավուշի մարզի (ծննդով) գրողներին՝ Վախթանգ Անանյան, Մովսես Արազի, Մարո Մարգարյան, Մաթևոս Դարբինյան, Արտաշես Քալանթարյան, Ժիրայր Անանյան, Արամայիս Սահակյան, Բենիկ Սեյրանյան, Իգնատ Մամյան, Վանո Սիրադեղյան, գյուղագիրներ Հարություն Ճուղուրյան, Արշակ Ագապյան, Հ.Քաջբերունի, ժողովրդական բանահյուսությունը, խոսվածքները (Տավուշի, Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի) և այլն:
«Տնտեսագիտություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետ, տ․գ․թ․ Գագիկ Գրիգորի Աղաջանյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 24 շրջանավարտ, որոնցից 5-ը ստացավ «գերազանց», 12-ը՝ «լավ», 7-ը՝ «բավարար:
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է մինչև ավարտական աշխատանքների թեմաների ընտրությունը հանդիպել խոշոր կազմակերպությունների և պետական տնտեսական քաղաքականություններ իրականացնող կառույցների պատասխանատուներին՝ վերջիններիս կողմից պահանջված խնդիրների բացահայտման և թեմաների սահմանման համար, ավարտական աշխատանքների պաշտպանությունից հետո դրանք ներկայացնել նաև վերոնշյալ կազմակերպությունների և կառույցների շահագրգիռ ներկայացուցիչներին: Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ անհրաժեշտ է ուսանողներին և դասախոսներին հնարավորինս ներգրավել մակրո և միկրոտնտեսական քաղաքականությունների մշակման մեջ։ Մասնավորապես՝ անհրաժեշտ է մասնավոր կազմակերպությունների և պետական տնտեսական քաղաքականություններ իրականացնող կառույցների խնդիրների լուծման համար կազմակերպել տնտեսվարող սուբյեկտների հարցումներ (հատկապես՝ հեռախոսային և առցանց), իրականացնել մաթեմատիկական վերլուծություններ և վարքագծային մոդելավորում:
Մայիսի 24-ին տեղի է ունեցել «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Հանձնաժողովը գլխավորում էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Տեղեկատվական, հաղորդակցական տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի դոցենտ, տեխն․ գ․ թ․ Նարինե Ալբերտի Կոսյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 17 շրջանավարտ, որոնցից 6-ը ստացավ «գերազանց», 8-ը՝ «լավ», 3-ը՝ «բավարար»:
Պաշտպանության արդյունքներն ամփոփելով՝ հանձնաժողովի նախագահն արձանագրել է հետևյալը. «Ներկայացվել են տարբեր խնդիրներ և հատկապես կիրառական նշանակություն ունեցող աշխատանքներ, նույնիսկ կային ակնհայտ արդյունքներ։ Կային թեմաներ, որոնք ունեին շատ հետաքրքիր ստարտափի նշանակություն։ Իհարկե կարիք կա որոշ տեխնիկական բաղադրիչի զարգացման (էլեկտրոնիկա, սարքեր, տեխնիկական միջոցներ): Սա լավ հեռանկար է շուկայում պահանջարկ ունեցող թեմաների ակտիվացման համար: Լավ տպավորություն ունենք խաղերի թեմայից, դասերի հարթակի թեմայից. կարելի է առաջարկել շուկայում: Գրավիչ էին պատրաստված կայքերը, որոնք անցած տարի էլ կային, և դա տպավորիչ է: Հետաքրքիր էին տեխնիկական լուծումներ ստացած երկու թեմաները՝ սրտի զարկերի հետազոտության թեման և ձայնի անալիզատորի թեման: Դրանք շատ լավ կարող են ծառայել մեր տնտեսությանը, անգամ պաշտպանական խնդիրներին: Ցանկալի է ավելի կիրառական ուղղություն տալ մաթեմատիկական խնդիրների թեմաներին: Լավ թեմաների համար հարկավոր է հավաքագրել, համակարգել ու ընտրել առավել շուկայական գրավչություն ունեցող թեմաները և զարգացնել դրանք: Պետք է մարկետինգի բաղադրիչ նշել կամ ավելացնել հաջորդ տարվա ներկայացվող ավարտական աշխատանքներում։ Ընդհանուր առմամբ, արտակարգ իրավիճակի պայմաններում, տպավորված ենք այսօրվա աշխատանքներից, զգացվում է որակի բարձրացման դինամիկան»:
Մայիսի 25-ին և 26-ին տեղի է ունեցել «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության («Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բակալավրի կրթական ծրագրի) շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Հանձնաժողովը գլխավորում էր Շիրակի «Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Գրադարան - ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարությունների և ՏՏ» կենտրոնի գլխավոր մասնագետ, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սպարտակ Սերյոժայի Սողոյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 38 շրջանավարտ, որոնցից 7-ը ստացավ «գերազանց», 26-ը՝ «լավ», 5-ը՝ «բավարար»:
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է ԵՊՀ ԻՄ-ում ստեղծել նեղ մասնագետների հանձնախումբ, ովքեր համապատասխան ամբիոնի վարիչի հետ կքննարկեն առաջարկված թեմաները և նշված մասնագիտությանը համահունչ լինելու դեպքում դրանք կառաջարկեն ընդգրկել ավարտական թեմաների ցանկում:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ թեմաները հիմնականում արդիական էին, սուր հնչեղություն ունեցող հարցեր, ուսանողները բավականին հիմնավոր, համոզիչ կերպով ներկայացնում էին իրենց հետազոտության թեմայի կարևորությունն ուսուցման և դաստիարակության տեսության և պրակտիկայի համար:
Աշխատանքները բավարարում էին ավարտական աշխատանքին ներկայացված պահանջներին, ուսանողները տիրապետում էին գիտամանկավարժական հետազոտությունների անցկացման մեթոդաբանությանը:
Աշխատանքներում օգտագործված գրականության ցանկում ներկայացված էին բավական քիչ թվով վերջին տարիներին հրատարակված գրքեր:
Հետազոտության թեմային վերաբերող գրականությունը ճիշտ էր ընտրված և օգտագործված: Ուսանողները կարողանում էին գրագետ ներկայացնել իրենց աշխատանքները, նկատելի էր ղեկավարների պատասխանատու մոտեցումը իրականացման ընթացքում:
Մայիսի 29-ին կայացել է «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայի բաժնի պետ, տեխն․ գ․ թ․, դոցենտ Խաչատուր Աշոտի Ղազեյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 16 շրջանավարտ, որոնցից 6-ը ստացավ «գերազանց», 7-ը՝ «լավ», 3-ը՝ «բավարար:
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է ավարտական աշխատանքների թեմաները ձևակերպել քիչ ընդհանրական: Հնարավորություն դեպքում ապահովել ուսանողների պրակտիկաները համապատասխան այն մարմիններում, որոնք իրականացնում են ավարտական աշխատանքի թեմային վերաբերող քաղաքականություն, աշխատանքներն ուղարկել արտաքին գրախոսման:
Մայիսի 30-ին տեղի են ունեցել «Օտար լեզու և գրականություն», «Սերվիս» մասնագիտությունների շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները:
«Օտար լեզու և գրականություն» մասնագիտության («Անգլերեն լեզու և գրականություն» և «Ֆրանսերեն լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրերի) ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Եվրոպական համալսարան» հիմնադրամի լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Նելլի Էդուարդի Հարությունյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 19 շրջանավարտ, որոնցից 10-ը ստացավ «գերազանց», 9-ը՝ «լավ»:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ավարտական աշխատանքների պաշտպանության ընթացքը, ընդհանուր առմամբ, կարելի է համարել դրական: Ուսանողների պատրաստվածությունը բավականին գոհացուցիչ էր: Կային ինչպես փայլուն, այնպես էլ լավ պատասխաններ: Հատկանշական են որոշ ուսանողների բավականին վստահ և հանգամանալից պատասխանները, որոնք վկայում էին ուսանողների հստակ և լավ գիտելիքների առկայության մասին: Գերազանց պատասխանները գերազանցության աստիճանին լիարժեքորեն համապատասխանող պատասխաններ էին: Ն.Հարությունյանը ցանկություն է հայտնել հետագայում ավելի ընդլայնված տեսնել բուհերի միջև համագործակցությունը, ինչպես նաև մասնաճյուղի աշխատանքը ֆակուլտետի մասնագիտացումների ուղղությամբ:
«Սերվիս» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Եվրոպական համալսարան» հիմնադրամի զբոսաշրջության ֆակուլտետի դեկան, աշխ․ գիտ. թեկն., դոցենտ Գոռ Սուքիասի Մանասյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 12 շրջանավարտ, որոնցից 3-ը ստացավ «գերազանց», 8-ը՝ «լավ», 1-ը՝ «բավարար»:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ պաշտպանությունն ընթացել է համալսարանի կողմից սահմանված ընթացակարգին համապատասխան:
Ավարտական աշխատանքի թեմաները բազմազան էին, և շատերն ունեին կիրառական նշանակություն:
Հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է ավելի շատ կիրառական նշանակությամբ թեմաներ հաստատել, որով կաջակցվի նաև Տավուշի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը:
Բակալավրի որակավորում ստանալու առթիվ ԵՊՀ ԻՄ-ի վարչական ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մեր շրջանավարտներին՝ նրանց մաղթելով մասնագիտական ու անձնական մեծ ձեռքբերումներ, անկոտրում կամք, նպատակների իրականացում, ամենայն բարիք:
Մյուս նկարները տե՛ս Պատկերասրահում: